Արշալույս Բարսեղյան, OC Media
Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաները, ըստ ամենայնի, լուծում են տվել վրացական տարածքով հայկական կոնյակի արտահանման շուրջ առաջացած խնդիրներին։ Ապրիլի վերջից սկսած՝ վրացական կողմը ստուգումների էր ենթարկում հայկական բեռները, ինչը փաստացի կանգնեցրել էր կոնյակի տարանցումը։
Հունիսի 24-ին այս հարցով Թբիլիսի էին մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի և Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ։
Սա առաջին բարձրաստիճան հանդիպումն էր հարցը լուծելու նպատակով մի քանի ձախողված փորձից հետո։
Հանդիպումից հետո Պապոյանն ու Հակոբյանը հայտնել են, որ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ ապահովելու հայկական կոնյակի արտահանման գործընթացը «փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով»։ Պապոյանը նշել է, որ հավելյալ մանրամասները և հետագա քայլերը կներկայացվեն բիզնես համայնքին՝ աշխատանքային կարգով։
Կողմերը նաև համաձայնության են եկել ազատ արձակել Վրաստանի Սևծովյան Փոթի նավահանգստի մաքսային պահեստում պահվող հայկական կոնյակով բեռնբած 55 բեռնատարները։ Հաջորդ յոթ օրերին նախատեսվում է ազատ արձակել ևս 72 բեռնատար, իսկ դրան կհետևի ևս 24-ի բացթողումը։
«Միաժամանակ որոշվել է ապահովել Վրաստանի տարածքով կոնյակով բեռնված հայկական մեքենաների անխոչընդոտ տարանցիկ ելքը»,- գրել է Հակոբյանը։
Նախկինում, հունիսի 10-ին, Հայաստանը արգելել էր իր բեռնատարների մուտքը Վրաստան՝ պատճառաբանելով վրացական անցակետերում կուտակումները։ Այս քայլը կատարվել էր հինգ օր անց այն բանից հետո, երբ Պապոյանը հայտարարեց, որ օրեր տևած խոչընդոտներից հետո վերջապես 52 բեռնատար անցել է Վրաստանի տարածքով և մեկնել Ռուսաստան։ Նա նշել էր նաև, որ վրացական կողմը խոստացել է առաջիկա հինգ օրվա ընթացքում կարգավորել ևս 72 բեռնատարի հարցը։
Ավելի քան մեկ շաբաթ անց՝ հունիսի 18-ին, ՊԵԿ-ը հայտնեց, որ խնդիրը լուծվել է, և բեռնատարների բացթողումը սկսվել է։
Հունիսի սկզբին Պապոյանը հրաժարվել էր մեկնաբանել՝ արդյոք խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի՝ միայն նշելով, որ իր նպատակը հարցի լուծումն է։
Հապաղումների պատճառով հայկական կոնյակ արտադրող և արտահանող ընկերությունները երկու անգամ բողոքի ակցիա էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց Երևանում։
Civilnet











