Կարապետյանի ազատազրկումը ուղիղ հարված է Հայաստանի ներդրումային հեռանկարներին. Գագիկ Ադիբեկյան

Սամվել Կարապետյանի մասշտաբի գործարարին քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելն ու նրա ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ հնարավոր որոշումը ուղիղ հարված է դառնալու Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային հեռանկարներին. այս մասին հայտարարել է գործարար, RD Group ընկերության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը։
«Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ծայրահեղ մտահոգիչ է: Մեր ժողովրդի արժանավոր զավակն իր ողջ կյանքի ընթացքում ջանք չի խնայել Հայաստանի և Արցախի պետականության կայացման, աշխարհի տարբեր հատվածներում հայկական գաղթօջախների բարեկեցությանն ու բարօրությանը ծառայելու գործում»,- ասված է Ադիբեկյանի և Լյուքսեմբուրգի հայ համայնքի հայտարարությունում։ Ադիբեկյանը նաև RD Developmenտ Group Louxeombourg ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է անշարժ գույքի գործունեությամբ Եվրոպայում և 2017-ին Forbes-ի կողմից ճանաչվել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքա»։ Նա նաև Adibekyan Family Fund for Advancement (AFFA հիմնադրամ) հիմնադիրն է։
Ադիբեկյանն իր հայտարարությունում նշում է, որ Սամվել Կարապետյանն իր կարողություններն ու կապերն ի սպաս է դրել մեր հայրենիքի ու ժողովրդի համար ամենածանր պահերին, Հայաստանի անկախացումից և Արցախի ազատագրումից հետո Կարապետյանի ներդրումները մեր հայրենիքում հարյուր միլիոնավոր դոլարների է հասել:
«2020-ի պատերազմից և 2023-ին արցախահայերի հայրենազրկումից հետո, իր գործընկերների հետ մեկտեղ Սամվել Կարապետյանը շարունակել է աջակցել մեր պետությանն ու հայկական օրակարգին: Մեր հավաքական ինքնության և պետության բացակայության պայմաններում պատմականորեն կարևորագույն դեր ունեցած Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն Կարապետյանի աջակցությունը եղել է և շարունակում է առանցքային լինել:
Մինչ մեր ժողովրդի մեկ այլ ազգային գործիչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում, Սամվել Կարապետյանին ազատությունից զրկել են հենց հայրենիքում: Ավելին, Արցախում նրա կողմից իրականացված բազմաթիվ մարդասիրական ծրագրերի համար մինչ այս Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է սկսվել Ադրբեջանում:
Խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացուն կալանավորելը հեռու է ժողովրդավարությունից, ինչի մասին խոսելու առիթը բաց չի թողնում գործող քաղաքական վարչակազմը: Զուգահեռաբար, Կարապետյանի մասշտաբի խոշոր գործարարին քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելն ու նրա ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ հնարավոր որոշումը ուղիղ հարված է դառնալու Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային հեռանկարներին:
Սամվել Կարապետյանն օրինապաշտ քաղաքացի է, որն արժանի չէ բանտում անգամ մեկ օր անցկացնել: Հայաստանի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Կարապետյանին, ինչպես նաև կառուցողական երկխոսության միջոցով լուծումներ գտնել պետություն-եկեղեցի ահագնացող հակասությունների շուրջ:
Վտանգներով լի համաշխարհային գործընթացներում մեր ժողովրդի և պետության համար օրհասական այս պահին առավել քան կարևոր է համերաշխություն հաստատելը, Սամվել Կարապետյանին ազատ արձակելը այս նպատակի ուղղությամբ նշանակալի քայլ կլինի»,- ասված է Ադիբեկյանի հայտարարությունում
***
Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանությունների ճնշումներն սկսվեցին այն բանից հետո, երբ նա հունիսի 17-ին հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։ Հայտարարությունից անմիջապես հետո Փաշինյանը գրառումներ արեց Ֆեյսբուքում, ապա ոստիկանությունը Կարապետյանի տանը խուզարկություն սկսեց և նրան բերման ենթարկեց։ Ավելի ուշ դատարանը նրան երկու ամսով կալանավորեց՝ իշխանության զավթման փորձի հոդվածով։ Փաշինյանը հայտարարեց նաև Կարապետյանի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ) ազգայնացնելու իր մտադրության մասին։ Տեսչական ստուգումներ սկսվեցին Կարապետյանի «Տաշիր պիցցա» սրճարանների ցանցում, դրանցից մի քանիսի գործունեությունը կասեցվեց։
Civilnet










