Գլխավոր Լրահոս

Բագրատ արք. Գալստանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել. LIVE BLOG

Բագրատ արք. Գալստանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել. LIVE BLOG

Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից էլ այսօր հաղորդագրություն տարածվեց, որում նշվում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

23:34

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում են «Սրբազան շարժում»-ից։

22:09

Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունները մոնտաժված են ու կեղծ։

«Մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Այսօր առավոտյան տրված մեկնաբանության մեջ կասկած հայտնեցի, որ ձայնագրությունները մոնտաժված են, և ծանոթանալով խափանման միջոցի կիրառման նյութերին՝ արդեն կարող եմ միանշանակ պնդել, որ դա այդպես է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Քննչական կոմիտեն օգտագործել է ոչ միայն կոնտեքստից կտրված խոսքեր, այլ նաև ամբողջական նախադասություններ է ձևակերպել տարբեր մտքերից։

20:44

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

20:15

Բագրատ սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ հավելելով, որ նիստը սկսվելու է 22:00-ին: Մելքոնյանը նախկինում եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Դատավորի պաշտոնում նա նշանակվել է իրավունքի ուժով, քանի որ նախագահը չէր ստորագրել նրա նշանակման հրամանագիրը։ Մելքոնյանի անունը հիշատակվում է քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում կալանքի որոշումների շրջանակում։

19:35

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման հոդվածներով։ Այդ մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» շարժումից։

19:10

Սրբազան պայքար շարժումից հայտնում են, որ ներկայում հայտնի է շարժման 15 անդամի ձերբակալության մասին։ Բացի Բագրատ սրբազանից, նրանց թվում են գործարար Տիգրան Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։

17:40

Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը անդրադարձել է Քննչական կոմիտեի կողմից հրապարակված գաղտնի ձայնագրություններին՝ ընդգծելով, որ դրանք, ըստ իրեն, մոնտաժված են և կարող են մոլորության մեջ գցել հանրությանը։

«Մանրամասները դեռ իհարկե կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում խոսքը, ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով են մշակված, գեներացված, գործի քննությունը ցույց կտա»,- ասել է փաստաբանը։

16:57

Բագրատ արք. Գալստանյանին և ձերբակալված մյուս անձանց Քննչական կոմիտեից տեղափոխեցին դատարան:

16:55

Նախաքննական մարմինը պատրաստվում է Բագրատ արք. Գալստանյանի նկատմամբ 24 ժամվա ընթացքում կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

16:15

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել «Սրբազան պայքար» շարժման մասնակցի բնակարանի խուզարկությունից:

15:25

Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված առարկաներ և իրեր:

13:46

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանին ԱԱԾ-ն տեղափոխեց Քննչական կոմիտեի Էրեբունու բաժին՝ հարցաքննության: Պետրոսյանն ունի վկայի կարգավիճակ:

13:20

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Իգոր Սարգսյանին՝ բնակարանի խուզարկությունից հետո տեղափոխեցին Քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին, այնտեղ է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

13:00

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տանը:

12:17

Ազգային անվտանգության ծառայությունը «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանին բերման ենթարկեց՝ վերջինիս բնակարանում խուզարկություն անցկացնելուց հետո:

«Մեզ ոչ մի բան, ոչ կալանք, մեզ մեր ճանապարհից չի կարող դուրս բերել»,- բերման ենթարկվելիս ասաց Բագրատ սրբազանը:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ արք. Գալստանյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե:

«Բագրատ արք. Գալստանյանն այս պահին ձերբակալված է համարվում»,-ասաց փաստաբանը:

ԱԱԾ-ն բերման ենթարկեց ևս մի հոգևորականի և արք. Գալստանյանի կողմնակիցներից մեկին, որը լրագրողներին հայտնեց, որ չգիտի, թե ինչ հիմքով են իրենց բերման ենթարկում:

ՍիվիլՆեթի Լիա Ավագյանը տեղից հայտնում է, որ իրավապահները Բագրատ արք. Գալստանյանին բերման ենթարկելուց հետո կնքեցին նրա տան դուռը:

Խուզարկությունից հետո իրավապահները Բագրատ արք. Գալստանյանի կեցավայրից փաթեթներ դուրս բերեցին: Լրագրողների հարցին, թե ինչ կա դրանցում՝ չմեկնաբանեցին:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փաթեթներում գունավոր ծխեր են եղել, որոնք օգտագործվում են ակցիաների ժամանակ:

11:34

Քննչական կոմիտեն հրապարակել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները:

11:00

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների բնակարաններում: ՀՅԴ-ն այդ խուզարկություններն ապօրինի է համարում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում