ԱԺ-ն կքննարկի ՀԷՑ-ի հարցը, Փաշինյանը խոսել է ընկերության կառավարումը «շատ արագ վերցնելու» մասին

Գևորգ Թոսունյան
Հուլիսի 1-ին Ազգային ժողովը նստաշրջան կսկսի՝ քննարկելու «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Այս նախաձեռնությունը վերաբերում է նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության պետականացմանը։
Վերոնշյալ օրենքները քննարկելու համար ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 26-ի նիստում։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես տեղյակ չէր այս նախագծի մասին։ Նա խոսում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցի մասին, և երբ ասաց, որ ԱԺ-ի գործընկերները ևս նախագիծ են մշակում, նրան հուշեցին, որ նախագիծն արդեն օրակարգում է։
«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացների իրականացումը՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ։ Պետք է սա արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նախագծի հիմնավորումների՝ թեև էներգետիկայի բնագավառը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, սակայն բացակայում են անհրաժեշտ երաշխիքները։ Մասնավորապես, նախատեսված չեն մեխանիզմներ, որոնք լիցենզավորված ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու կամ նրա լիցենզիան դադարեցնելու դեպքում կապահովեն կրիտիկական ենթակառուցվածքների բնականոն և անխափան գործունեությունը՝ պաշտպանելով սպառողների շահերը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մշակած նախագծով առաջարկվում է սահմանել, որ լիցենզավորված ընկերությունների գործունեության մեջ առանձնահատուկ ռիսկեր նկատելու դեպքում կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել՝ սահմանելով նաև դրա հետևանքները։ Առաջարկվում է նաև ամրագրել վարույթ հարուցելիս լիցենզավորված անձանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու հնարավորությունը, դրանց կարգն ու առանձնահատկությունները։
«Նախագծերի նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների և օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաև ոլորտի գործունեության կրիտիկական կարևորությունը»,- նշված է փաթեթում։
***
ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։
Civilnet










