Փաշինյանն առաջարկում է պարգևատրել «Սրբազան շարժման» գործով զբաղվող իրավապահներին

Կառավարության հունիսի 26-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է պետական պարգևների ներկայացնել այն իրավապահներին, որոնք մասնակցել են «Սրբազան պայքարի» հետ կապված քրեական գործի բացահայտմանը։
Նա նշեց, որ հարցը քննարկել է նաև հանրապետության նախագահի հետ։ Փաշինյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում երկու հարց էր քննարկվում, որ «Հայաստանում նոր հոկտեմբերի 27 էր կանխվել», մյուս հարցն էլ այն էր, թե արդյոք «1998-ին հնարավոր էր կանխել Հոկտեմբերի 27-ը»։ Փաշինյանն ամփոփեց, որ իրավապահ համակարգը երկրորդ հարցին պետք է անդրադառնա։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Բագրատ սրբազանը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո։ Մինչ այդ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե «Սրբազան պայքարի» շարժման ղեկավարներն ու մասնակիցները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ՝ միտված իշխանության բռնի զավթմանը։
Քննչական կոմիտեն այս գործով դատարան էր ներկայացրել 16 անձի կալանավորելու միջնորդություն։ Դատարանը նրանցից 9-ին կալանավորելու միջնորդությունը բավարարել է, մեկ անձի կալանավորելու միջնորդությունը քննվել է, որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին, մնացած միջնորդությունները կքննվեն հունիսի 26-ին։
Civilnet










