Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականը Թուրքիան գնահատում է կառուցողական։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Ստամբուլում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթին, ինչպես նաև տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր։
«Կարծում եմ՝ հանդիպման ժամանակ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիներն ավելի բարելավել։ Իսկ Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3, եթե ոչ 3,5 սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ», - նշել է Կոստանյանը։
Նա նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը իր առաջարկներով կառուցողական է»,- հավելել է փոխարտգործնախարարը։
Civilnet











