Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի` հայկական շուկա դուրս գալու մտադրությանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Twitter-ի իր միկրոբլոգում նա հույս է հայտնել, որ Carrefour-ը կգա Հայաստան:
«Լսել եմ` Carrefour-ը ցանկանում է գալ Երևան: Բրյուսելում ես օգտվում էի այդ խանութից: Լավ կլինի մրցակցության համար: Հուսով եմ` դա տեղի կունենա»,- գրել է Հեֆերնը:
Ավելի վաղ ՍիվիլՆեթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Dalma Garden Mall-ից բացի` Carrefour-ը նախատեսում է հիպերմարկետներ բացել Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին:
Ըստ նույն աղբյուրի՝ ներկայում Carrefour-ը Dalma Garden Mall-ի սեփականատերերի հետ բանակցում է հիպերմարկետի բացման իրավական և վարձակալական խնդիրների շուրջ:
Մյուս կողմից` Carrefour-ի Հայաստան հնարավոր մուտքն անհանգստացրել է տեղական շուկայում ներկրման և մանրածախ առևտրի ոլորտում գերակա դիրք ունեցող հայ գործարարներին:
Carrefour S.A. ընկերությունը մանրածախ առևտրի ոլորտի ֆրանսիական անդրազգային կորպորացիա է: Շուրջ 1400 հիպերմարկետներով՝ այն աշխարհի ամենախոշոր հիպերմարկետների ցանցերից մեկն է: Carrefour-ը եկամուտների ցուցանիշով երկրորդ, իսկ շահույթի ցուցանիշով երրորդ խոշորագույն ցանցն է աշխարհում (երկու ցուցանիշներով առաջին տեղում ամերիկյան Wal-Mart-ն է): Carrefour S.A.-ն ամբողջ աշխարհում ունի շուրջ 520 000 աշխատակից: Ընկերության տարեկան եկամուտը 2012թ. գերազանցել է 100 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը՝ 4,3 մլրդ դոլարը:
Civilnet











