Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերի հայկական տիրույթում հունիսի 17-ից ակտիվորեն տարածվում են լուսանկարներով ուղեկցվող գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե Իրանը մահապատժի է ենթարկել բացահայտված իսրայելական գործակալներին՝ նրանց կապելով արձակվող հրթիռներին։
Տարածվող գրառումներին կից նշվում է․ «Ահա Իրանում ինչպես են վարվում դավաճանների, գործակալների և լրտեսների հետ»։
Պատկերներում երևում են տղամարդիկ, որոնք իբր կապված են բալիստիկ հրթիռներին։ Լուսանկարները միայն Facebook-ում հավաքել են ավելի քան 10,000 հավանում և արձագանք, ինչպես նաև ակտիվորեն տարածվել Instagram-ում և YouTube-ում։
#CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումները և պարզել, որ տարածվող լուսանկարները կեղծ են՝ ստեղծված արհեստական բանականության (AI) միջոցով։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Իրանում
Այս պատկերները տարածվել են այն բանից հետո, երբ 2025 թվականի հունիսի 16-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին «Մոսադի գործակալ» լինելու մեղադրանքով Էսմայիլ Ֆեքրի անունով տղամարդու մահապատժի մասին, որը ձերբակալվել էր դեռևս 2023 թվականին։ Նույն ժամանակաշրջանում հայտարարվեց նաև Մոսադի հետ առնչության մեջ մեղադրվող ևս երկու անձանց ձերբակալության մասին։
Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ՝ մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով, ինչպես ընդունված է Իրանում։ Ոչ մի իրանական կամ որևէ այլ հավաստի աղբյուր չի հաղորդել անձանց արձակվող հրթիռին կապելու միջոցով մահապատժի ենթարկելու մասին։
Պատկերները ստեղծվել են արհեստական բանականության (AI) միջոցով
Առաջին լայն տարածում ստացած պատկերում ցուցադված է տղամարդ, որը կապված է աթոռին, իսկ աթոռն ամրացված է Իրանի դրոշով բալիստիկ հրթիռին: Այս պատկերը հաճախ տարածվում է կոլաժի տեսքով՝ մեկ այլ նմանատիպ պատկերի հետ միասին։
Համանանցում հակադարձ որոնումը ցույց է տվել, որ այս պատկերը հայտնվել է հունիսի 16-ին X (նախկին Twitter) հարթակի իրանական օգտահաշիվներում, այնուհետև արագորեն տարածվել այլ երկրների օգտատերերի կողմից։
Պատկերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է մի շարք անհամապատասխանություններ։ Մասնավորապես, Իրանի դրոշի վրա պատկերված ազգային զինանշանը խեղաթյուրված է, իսկ օբյեկտների չափերն ու համամասնությունները անբնական են։
Արհեստական բանականության հայտնաբերման տարբեր գործիքներով կատարված ստուգումները հաստատել են, որ լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության (AI) տեխնոլոգիայի միջոցով։

Հայաստանյան օգտատերերի շրջանում տարածվող ֆոտո-կոլաժի մյուս պատկերում ցուցադրված է տղամարդ, որն անմիջապես կապված է բալիստիկ հրթիռին։ Այս տարբերակը ևս սկզբնապես հրապարակվել է իրանական օգտահաշիվներում հունիսի 16-ին, իսկ դրանից տարածում ստացել տարբեր հարթակներում։
Այս դեպքում ևս, լուսանկարում առկա են անհամաչափություններ, օրինակ՝ տղամարդու մարմնի և դեմքի շրջանում աղավաղումներ, Իրանի դրոշի սխալ պատկեր և այլն։ Have, Fake Image Detector-ի, WasIt AI-ի հարթակները հաստատել են, որ լուսանկարն ստեղծվել է արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով։

Մեկ այլ տարածված պատկերում ցուցադրվում է տղամարդ, որին իբրև իրանցի զինվորները կապում են արձակման կայանի հրթիռին։ Այս պատկերը մեծ տարածում է ստացել համացանցի չինական տիրույթում և տարածվել այլ օգտատերերի շրջանում։
Ինչպես նախորդ օրինակներում, այստեղ պատկերը նույնպես ուղեկցվում է Իրանի աղավաղված դրոշով և ունի արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներին բնորոշ այլ թերություններ։ AI-ով ստեղված պատկերների հայտնաբերման գործիքների ստուգումները հաստատել են, որ այս լուսանկարը ևս ստեղծված է արհեստական բանականության միջոցով։

Առհասարակ, մահապատժի այս եղանակը տեխնիկապես անհնարին է։ Հրթիռին կապված մարդը կխախտի դրա ծանրության կենտրոնը և կդարձնի արձակումը անհնարին՝ հանգեցնելով անհապաղ վթարի և պայթյունի:
Այսպիսով, բոլոր երեք դեպքերում տարածված պատկերները կեղծ են և չունեն որևէ կապ Իրանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Իրանը գործակալներին մահապատժի չի ենթարկել հրթիռներին կապելու միջոցով։
CivilNetCheck
Civilnet











