Իսրայելի զինված հարձակումն Իրանի վրա նպատակ է ունեցել խափանել Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվելիք հնարավոր համաձայնությունը։ Այս մասին հունիսի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Ըստ դեսպանի՝ հարձակման պահին Իրանը բանակցային փուլում է եղել ԱՄՆ-ի հետ, և Իսրայելը, գործելով առանց իրական սպառնալիքի առկայության, իրականացրել է այդ քայլը՝ բանակցությունները տապալելու նպատակով։
«Նրանց պատճառաբանությունն այն էր, որ կանխարգելիչ հարձակում են իրականացրել Իրանի կողմից սպառնալիքները կանխելու համար, ինչն անօրինական ու անտրամաբանական պատճառաբանություն էր»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Մեհդի Սոբհանին նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Իրանի միջուկային ծրագրի թեմայով տասնամյակներ շարունակ միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ։
Ի հակադրություն դրա՝ դեսպանը վերահաստատել է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը. «Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ երբևիցե չենք ձգտել միջուկային զենք ունենալ։ Մեր միջուկային ծրագիրն իրականացվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո, և որևիցե հաստատում չկա այն մասին, որ Իրանը շեղվել է միջուկային ծրագրի խաղաղ գործողություններից»։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ, իրենց տեղեկություններով, ԱՄՆ-ն ի սկզբանե տեղյակ է եղել Իրանի վրա հարձակվելու Իսրայելի մտադրության մասին և թույլ է տվել, որ դա տեղի ունենա։
Civilnet











