Արք. Աջապահյանն ու փաստաբանը ներկայացրին միջադեպի մանրամասները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 27-ին տեղի ունեցած միջադեպից և քաշքշուկից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ փաստաբանների ուղեկցությամբ պատրաստվում է գնալ Քննչական կոմիտե։
Նա մոտեցավ ու նստեց ԱԱԾ-ի մեքենան, սակայն մարդիկ չթողեցին ու նա դուրս եկավ մեքենայից։
Մինչ այդ ԱԱԾ աշխատակիցները փորձել էին ձերբակալել նրան, ինչը, սակայն, հոգևորականների ու հավաքված մարդկանց դիմադրության հետևանքով չէր ստացվել։ Ինչպես պարզաբանեց սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը, իրենք իրավապահներին առաջարկել էին սպասել ավելի քան մեկ ամիս առաջ նախատեսված քահանայաց ժողովի ավարտին, որից հետո սրբազանը կներկայանար ՔԿ։ Ըստ փաստաբանի՝ ԱԱԾ աշխատակիցները մերժել էին առաջարկը, ինչից հետո հոգևորականները թույլ չէին տվել իրականացնել ձերբակալումը։
Իր հերթին Միքայել սրբազանը տեղի ունեցածը որակեց «մասկի շոու» և իշխանության ուժի ցուցադրում։
«Վարույթը նախաձեռնվել էր ամսի 17-ին, ինձ կարող էին այդ ժամանակ ձերբակալել։ Իրենք գիտակցաբար [արեցին], որ ցույց տան իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս։ Նրանք չպետք է չիմանային, որ այսօր նախատեսված է քահանայաց ժողով, շատ լավ գիտեին»,- ասաց նա։
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի վերաբերյալ, սրբազանը այն «բացարձակ շինծու ու ապօրինի» որակեց՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իր ասածներից չի հրաժարվում։
Միջադեպի ավարտին սրբազանը խնդրեց թույլ տալ իրեն խաղաղ պայմաններում ներկայանալ Քննչական կոմիտե։ «Միակ խնդրանքս է, որ թողնեք, որ ես նստեմ մեքենան ու ներկայանամ ՔԿ»,- եզրափակեց նա։
Civilnet










