Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը նպաստում է Կիպրոս-Հունաստան-Հայաստան առանցքին՝ հակազդելու Թուրքիային

Հնդկաստանը նպաստում է Կիպրոս-Հունաստան-Հայաստան առանցքին՝ հակազդելու Թուրքիային

Հնդկական Awazthevoice կայքն անդրադառնում է Միջերկրական ծովում և Կովկասում Հնդկաստանի ռազմավարությանը և Նյու Դելիի խորացող համագործակցությանը Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հետ։  

Իրանի և Իսրայելի միջև ընթացող հակամարտության ընթացքում Հայաստանը կարևոր աջակցություն ցուցաբերեց Հնդկաստանին՝ Իրանում գտնվող 110 հնդիկ քաղաքացիների տարհանման հարցում: Նրանց նախ թույլատրվեց անցնել Հայաստան Ագարակի սահմանով: Այնուհետև նրանք տեղափոխվեցին Երևան, որտեղից Հնդկաստանից ժամանած հատուկ չվերթով թռան Նյու Դելի:

Ակնհայտ է, որ Հայաստանի հետ ամուր կապերի շնորհիվ Հնդկաստանը հաջողությամբ իրականացրեց Իրանում գտնվող իր քաղաքացիների անվտանգ տարհանումը: Սա ոչ միայն ընդգծում է երկկողմ համագործակցության խորությունը, այլև ցույց է տալիս Հայաստանի դերը որպես հուսալի գործընկեր ճգնաժամային իրավիճակներում: Ավելին, սա ցույց է տալիս, թե ինչպես է Հնդկաստանի ներգրավվածությունն աշխարհի այս մասում օգուտ բերում Նյու Դելիին՝ իր ազգային շահերը պաշտպանելու հարցում:

Այս ամիս Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Կիպրոս նոր թափ հաղորդեց այդ համագործակցությանը։ Մոդին երկու տասնամյակի ընթացքում Հնդկաստանի առաջին ղեկավարն էր, որ այցելում էր այս երկիր։ 

Կիպրոսը ռազմավարական խաչմերուկում է՝ նրա հյուսիսում Թուրքիան է, հարավում՝ Եգիպտոսը, հարավ-արևելքում՝ Իսրայեը, իսկ արևմուտքում՝ Սիրիան և Լիբանանը: Հայաստանի և Հունաստանի հետ միասին Կիպրոսը հզոր առանցք է Անկարայի դեմ:

Թեև Հնդկաստանի հարաբերությունները Հայաստանի և Հունաստանի հետ արդեն նկատելի առաջընթաց են գրանցել մի շարք ոլորտներում, հենց Նիկոսիայի հետ է Նյու Դելին այժմ ձգտում փակել ռազմավարական բացը: Այդ մտադրության արտահայտությունը Մոդիի այցն էր միջերկրածովյան այս պետություն:

Այցը նաև ուղերձ էր Անկարային, որը համագործակցում է Պակիստանի հետ և նրան մատակարարում անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Նյու Դելիի և Իսլամաբադի միջև թշնամական վերջին գործողությունների ընթացքում:

«Սինդուր» գործողության ժամանակ Թուրքիան ընդլայնեց իր աջակցությունը Պակիստանին՝ անտեսելով Հնդկաստանի մտահոգությունը, ինչը վկայում էր Անկարայի գոռոզության մասին: Ծավալապաշտական այս մոտեցումը նրան թշնամացրել է իր հարևանների՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի նկատմամբ։ 

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև

Պարծենալով մոտ 355,000 ակտիվ անձնակազմ ունեցող զինված ուժերով (ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը)՝ Թուրքիան մի քանի օր առաջ հրապարակեց իր ծովային քարտեզը, որտեղ ուրվագծված են Էգեյան ծովում Անկարայի տնտեսական և ռազմածովային իրավունքները:

Սա ցասում առաջացրեց Հունաստանում, և Աթենքը Թուրքիայից պահանջեց կա՛մ վերջ դնել այդ հավակնություններին, կա՛մ բախվել հետևանքներին՝ «բոլոր միջազգային ֆորումներում համապատասխան գործողությունների» տեսքով: Հունաստանը, որը արևելքում ունի մոտավորապես 200 կմ ցամաքային սահման Թուրքիայի հետ, Անկարային մեղադրում է Էգեյան ծովում «Հունաստանի իրավասության տակ գտնվող տարածքները յուրացնելու փորձի» մեջ:

Այդ քարտեզը հունական բազմաթիվ կղզիների ծովային գոտի ներառում է Թուրքիայի ծովային ենթադատության ներքո: Թուրքիան պնդում է, որ հունական կղզիները իրավունք չունեն ունենալու լիարժեք ծովային գոտի՝ 6 ծովային մղոնից այն կողմ: Հունաստանը հայտարարում է, որ Թուրքիայի պահանջները հակասում են միջազգային ծովային իրավունքին:

Աթենքը հղում է կատարում ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիային (UNCLOS), ըստ որի՝ ծովային գոտին Էգեյան ծովում կարող է ընդլայնվել մինչև 12 ծովային մղոն: 

Սա առաջին անգամ չէ, երբ երկու երկրները վիճում են Էգեյան ծովում իրենց տարածքային իրավունքների շուրջ: Խորը արմատացած անվստահության պայմաններում ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրները Էգեյան ծովում պարբերաբար տարածքային իրավունքների շուրջ վեճեր են ունենում:

2020-ին երկու երկրների միջև լարվածությունը սրվեց, երբ Թուրքիան ռազմանավերի ուղեկցությամբ հետազոտական նավ ուղարկեց Էգեյան ծովում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու համար:

Հունաստանը պնդեց, որ տարածքը, որտեղ Թուրքիան տեղակայել էր հետազոտական նավը սեյսմիկ ուսումնասիրություն անցկացնելու համար, իր բացառիկ տնտեսական գոտում է: Գործունեությունն անօրինական որակելով՝ Հունաստանը Թուրքիայից պահանջեց դադարեցնել գործողություններն Էգեյան ծովում: Բայց Թուրքիան շարունակեց սեյսմիկ ուսումնասիրությունը իր հետազոտական նավի միջոցով՝ սրելով երկու երկրների միջև լարվածությունը:

Հակամարտությունը վերջիվերջո հանգեցրեց տարածաշրջանում նրանց ռազմածովային ֆրեգատների բախման: Նրանք կանգնած էին հակամարտության եզրին, երբ Ֆրանսիան աջակցեց Հունաստանին և արևելյան Միջերկրական ուղարկեց երկու Rafale կործանիչ և ռազմածովային ֆրեգատ: Ֆրանսիական ճնշման ներքո Թուրքիան ի վերջո զիջեց և դադարեցրեց հետազոտությունները Էգեյան ծովում:

Հունաստանն ու Թուրքիան թշնամության և հակամարտության երկար պատմություն ունեն: Հունաստանն իր անկախության պատերազմը մղել է Թուրքիայի դեմ, և այս երկու երկրները մշտապես հակադրվել են իրար: 1830-ին Հունաստանը անջատվեց Օսմանյան կայսրությունից, իսկ Թուրքական Հանրապետությունը հիմնադրվեց 1922-ին Փոքր Ասիայում հունական բանակի պարտությունից հետո: 1974-ից ի վեր երկու երկրները հակամարտության մեջ են Էգեյան ծովի շուրջ:

Թուրքիան ընդդեմ Կիպրոսի

Միջերկրական տարածաշրջանում Կիպրոսը մեկ այլ երկիր է, որը խիստ մտահոգված է Թուրքիայի տարածքային հավակնություններով: Ապրիլին, հենց այն ժամանակ, երբ աշխարհը նշում էր Զատիկը, Կիպրոսն ու Թուրքիան հայտնվեցին դառը վեճի մեջ Կիպրոսի արքեպիսկոպոսի հայտարարության շուրջ, որը Անկարային մեղադրում էր ծավալապաշտության մեջ:

Դիվանագիտության և երկխոսության միջոցով այն կարգավորելու փոխարեն՝ Թուրքիան, որը 1974-ի ներխուժումից ի վեր գրաված է պահում Կիպրոսի հյուսիսային՝ մեկ-երրորդ մասը, Նիկոսիային զգուշացրեց, որ չի վարանի գործելուց:  

American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատողը Մայքլ Ռուբինը Թուրքիայի՝ հինգ տասնամյակ առաջ Կիպրոս ներխուժման մասին գրում է. «Թուրքական փաստարկները, որ նրանք միջամտել են կիպրացի մուսուլման բնակչությանը պաշտպանելու համար, կեղծ են: Թուրքիայի կողմից կղզու ավելի քան մեկ երրորդի զավթումը տեղի ունեցավ ճգնաժամի հետո և Ժնևի խաղաղության բանակցությունների ֆոնին»:

Ռուբինը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Կիպրոսի տարածքի թուրքական շարունակվող օկուպացիային, նշում է, որ Անկարան «կեղծ անջատողական շարժումների հովանավորությունն օգտագործում է որպես կայսերական երազները իրականացնելու միջոց»: Թուրքիան ճանաչում է միայն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:

1983-ին Հյուսիսային Կիպրոսը հայտարարեց իր անկախության մասին, բայց ՄԱԿ-ը և նրա անդամները այն համարում են մարիոնետային պետություն՝ Թուրքիայի օկուպացիայի ներքո: Ի հակադրություն, Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, այլև Եվրոպական միության անդամ երկիր 2004-ի մայիսի 1-ից:

Մի քանի օր առաջ Թուրքիան մեծ հարված ստացավ, երբ Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, ստորագրեցին ՄԱԿ-ի բանաձև, որը Հյուսիսային Կիպրոսը համարում է «օկուպացված»: Կենտրոնասիական այս երեք երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամներ են։ ԹՊԿ-ն մշակութային և պատմական ընդհանուր հիմքերի վրա ստեղծված կազմակերպություն է:

Սամարղանդում այս տարվա ապրիլի սկզբին Եվրոպական միություն ー Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ժամանակ այս երկրները ստորագրեցին համատեղ տեքստ, որն աջակցում էր 1980-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված երկու բանաձևերին:

Այդ բանաձևերը Հյուսիսային Կիպրոսի անկախության հռչակագիրը համարում են անջատողական գործողություն, որն իրավականորեն անվավեր է: Փորձագետներն այն որակում են որպես Կենտրոնական Ասիայի երկրների բացահայտ փորձ՝ հեռանալու Թուրքիայից, որի ծավալապաշտական մոտեցումը մտահոգություն է առաջացնում նրանց համար։

Հայաստանի լարված հարաբերությունները Թուրքիայի հետ

Հայաստանի համար առավել մտահոգիչ էր, երբ Թուրքիան՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, լիարժեք աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում՝ էթնիկ հայերով բնակեցված անկլավում, ռազմական գործողությունների ժամանակ: Ռազմական գործողությունները հանգեցրին Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը, ինչը ստիպեց 100,000 հայերին փախչել տարածաշրջանից:

Այս միջադեպը ավելի խորացրեց թշնամանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ու նաև վերաբացեց պատմական վերքերը Հայաստանի և Թուրքիայի միջև, որոնք արմատավորված են երկարատև և դառը ժառանգության մեջ: Արևմուտքում Թուրքիայի հետ 311 կմ երկար սահման ունեցող Հայաստանը Օսմանյան կայսրությանն է մեղադրում 1915-ի հայերի ցեղասպանության համար:

Նույնիսկ այսօր Հայաստանը և Թուրքիան չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, իսկ նրանց ընդհանուր սահմանը փակ է 1990-ականներից ի վեր:

Հնդկաստանի ռազմավարությունը Միջերկրածովյան տարածաշրջանում

Աշխարհաքաղաքական նման իրողությունների պայմաններում Հնդկաստանը փորձում է դիրքավորվել որպես առանցքային և հուսալի գործընկեր միջերկրածովյան տարածաշրջանում՝ առաջարկելով աճի, համագործակցության և զարգացման հնարավորություններ ոլորտների լայն շրջանակում այնպիսի երկրների, ինչպիսիք են Կիպրոսը, Հայաստանը և Հունաստանը:

Օրինակ, Կիպրոսի հետ Հնդկաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը պաշտպանության, անվտանգության, քաղաքացիական ավիացիայի, նավաշինության, ստարտափների, ենթակառուցվածքների և նորարարության ոլորտներում: Վարչապետ Մոդիի այցի ընթացքում երկու երկրները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտրի և ներդրումների հետ կապված:

2023-2024 թվականներին Հնդկաստանի և Կիպրոսի միջև երկկողմ առևտուրը կազմել է 137 մլն դոլար: Կիպրոսը Հնդկաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների առաջատար 10 աղբյուրների շարքում է: Կան ակնարկներ, որ Կիպրոսը կարող է դառնալ Ֆրանսիայից հետո ԵՄ երկրորդ երկիրը, որը կընդունի Հնդկաստանի UPI վճարային համակարգը օտարերկրյա գործարքների համար:

Այնուամենայնիվ, ամենակարևոր զարգացումը, որը տեղի ունեցավ վարչապետ Մոդիի Կիպրոս այցի ընթացքում, Հնդկաստան-Հունաստան-Կիպրոս Բիզնեսի և ներդրումների խորհրդի բացումն էր: Եռակողմ այս հարթակը երեք երկրներին կօգնի ձևավորել տարածաշրջանային նոր դինամիկա և օգտագործել կոլեկտիվ ուժը նավարկության, վերականգնվող էներգիայի, քաղաքացիական ավիացիայի և թվային վճարային ծառայությունների ոլորտում:

Կիպրոսը, որը ռազմավարական տեսանկյունից Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում է, չափազանց կարևոր կլինի Նյու Դելիի համար ՀնդկաստանーՄերձավոր ԱրևելքーԵվրոպա տնտեսական միջանցքի հավակնությունն իրականացնելու համար:

Հունաստանըմեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախագծին: Սա քննարկման մաս էր, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկօրյա այցով էր Հնդկաստանում էր անցյալ տարվա փետրվարին: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում Հունաստանը դարձել է Հնդկաստանի վստահելի բարեկամը, որն աջակցել է նրան բոլոր հիմնական հարցերում, այդ թվում Ջամմու և Քաշմիրի:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը: Հնդկաստանի հետ համերաշխություն արտահայտելով՝ Հունաստանը Փահալգամում 26 մարդու սպանությունը որակեց «հրեշավոր և ողբերգական կորուստ»: «Սինդուր» գործողությունից հետո Հունաստան կատարած բոլոր կուսակցությունների պատվիրակության այցի ընթացքում Աթենքն աջակցել է Հնդկաստանի բոյկոտին՝ ընդդեմ Պակիստանին թուրքական զենքի մատակարարումների:

Հունական Ekathimerini թերթի համաձայն, Թուրքիան խիստ մտահոգված է Աթենքի հետ Հնդկաստանի աճող կապերով: Հնդկաստանն «դիտարկում է ռազմավարական ներդրումների հնարավորությունը Հունաստանում պաշտպանական արդյունաբերության, նավահանգիստների, զբոսաշրջության և աշխատուժի հնարավոր համաձայնագրերի շրջանակում», - գրում է Ekathimerini թերթը:

Թուրքիան նաև մտահոգված է 2030-ին Հնդկաստանի և Հունաստանի միջև երկկողմ առևտուրը կրկնապատկելու պարտավորությամբ: Ըստ Հնդկաստանի Առևտրի նախարարության՝ 2022-23 թվականներին Հնդկաստանի և Հունաստանի միջև երկկողմ առևտուրը կազմել է մոտավորապես 2 մլրդ դոլար: Ի հեճուկս Անկարայի՝ Հունաստանն ու Հնդկաստանը պաշտպանության ոլորտում ընդլայնել են համագործակցությունը՝ սկսած համատեղ ռազմական վարժանքների անցկացումից մինչև գրասենյակային մակարդակի Համատեղ աշխատանքային խմբերի մեխանիզմների ստեղծում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու համար:

Հնդկաստան - Հայաստան

Հայաստանում Հնդկաստանը համարվում է հուսալի գործընկեր, որը Երևանի կողքին կանգնել է դժվարին պահերին: Այսօր երկու երկրները կառուցում են համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, վերականգնվող էներգիան, կանաչ տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և աղետների դիմակայունության ծրագրերը:

Այնուամենայնիվ, Հնդկաստանի և Հայաստանի միջև ընթացող պաշտպանական համագործակցությունն է, որը միջազգային ուշադրություն է գրավում, քանի որ Հնդկաստանը Հայաստանի համար դարձել է սպառազինության ներկրման կարևոր աղբյուր: Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են Swathi ռադարը, Pinaka ռեակտիվ համազարկային կրակի համակարգեր, Akash հրթիռներ, հակատանկային և հակաանօդաչու համակարգեր և քարշակվող հրետանային միջոցներ:

Հնդկաստանն ու Հայաստանը նաև ընդլայնել են իրենց տնտեսական գործընկերությունը: Չնայած 2023-24 թվականներին երկու երկրների միջև երկկողմ առևտուրը ընդամենը 131 մլն դոլար էր, նրանք համաձայնել են ընդլայնել առևտրի զամբյուղը: Երկու երկրները հետազոտում են համագործակցությունը վերականգնվող էներգիայի, արհեստական բանականության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում