Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն՝ ընդդեմ Չինաստանի. մաքսային վեճը խորանում է էլեկտրամեքենաների և այլ հարցերի շուրջ

ԵՄ-ն՝ ընդդեմ Չինաստանի. մաքսային վեճը խորանում է էլեկտրամեքենաների և այլ հարցերի շուրջ

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է հունական Directus.gr կայքում

Եվրոպական Միության և Չինաստանի հարաբերությունները 2025-ին մտել են նոր, ավելի հակամարտային փուլ: Չնայած դիվանագիտական առաջարկներին և հարաբերությունների ռեստարտի մասին խոսակցություններին, իրականում նրանք հակընդդեմ միջոցառումների շրջափուլում են, որտեղ ԵՄ-ն ավելի վճռական գործողություններ է ձեռնարկում այն ամենի դեմ, ինչը համարում է Չինաստանի անարդար առևտրային գործելակերպ, շուկայական խեղաթյուրումներ և շուկաներին փոխադարձ մուտքի անտեսում:

Վերջին ամիսների ամենացցուն հակասությունը ԵՄ-ի կողմից չինական էլեկտրամեքենաների վրա մաքսատուրքերի սահմանումն է, որտեղ չինական պետական աջակցություն ստացող որոշ արտադրողների համար մաքսատուրքերը սահմանվել են մինչև 45 տոկոս: Այդ քայլին նախորդել էր Եվրոպական հանձնաժողովի երկարատև հետաքննությունը, ըստ որի՝ չինական էլեկտրամեքենաներ արտադրողները օգտվել են հսկայական պետական սուբսիդիաներից, ինչը նրանց հնարավորություն է տվել գերազանցել եվրոպական մրցակիցներին և սպառնալ ԵՄ-ի սեփական կանաչ տեխնոլոգիաների ոլորտի կենսունակությանը: Հինգ տարի տևողությամբ սահմանված մաքսատուրքերը հստակ ազդանշան են, որ ԵՄ-ն այլևս չի հանդուրժելուՊեկինի կողմից շուկայի խեղաթյուրմանը:

Կանխատեսելիորեն, Չինաստանը հակընդդեմ քայլեր ձեռնարկեց: Հունիսին Պեկինը իր հակադեմփինգային հետաքննությամբ վեց ամսով երկարաձգեց ԵՄ-ից խոզի մսի ներմուծման սահմանափակումները՝ թիրախավորելով ավելի քան 1,75 մլրդ եվրո արժողությամբ արտահանումը, հատկապես Իսպանիայից, Նիդեռլանդներից և Դանիայից: Հակադեմփինգային հետաքննությունը, որն ի սկզբանե սկսվել էր 2024-ի հունիսին, լայնորեն մեկնաբանվում է որպես էլեկտրամեքենաների մաքսատուրքերի դեմ ուղղակի հակազդեցություն: Խոզի միսը երկու կողմերի համար էլ զգայուն թեմա է. ԵՄ-ն խոզի մսի ենթամթերքների խոշոր արտահանող է Չինաստան, իսկ Չինաստանը աշխարհի ամենամեծ սպառողն է: Գյուղատնտեսական առևտուրը զենքայնացնելով՝ Չինաստանը փորձում է քաղաքական ցավ պատճառել ԵՄ անդամ առանցքային պետություններին և ճնշում գործադրել Բրյուսելի վրա՝ զիջումներ կորզելու համար:

Ինչո՞վ է առանձնանում գործողությունների ներկա փուլը. դա ԵՄ-ի պատրաստակամությունն է՝ ընդլայնելու իր միջոցառումների շրջանակը: 2025-ի հունիսին Եվրոպական հանձնաժողովը սահմանափակեց չինական բժշկական սարքավորումների մուտքը իր պետական գնումների պայմանագրերին: Սա ուղղակի արձագանք էր Չինաստանի «Գնիր չինական» երկարատև քաղաքականության, որը համակարգայնորեն անբարենպաստ դիրքում է դնում չինական շուկա մուտք գործելու ձգտող եվրոպական ընկերություններին: ԵՄ-ի ուղերձը հստակ է. եթե Չինաստանը շարունակի խոչընդոտել իր ընկերություններին, կբախվի փոխադարձ խոչընդոտների Եվրոպայում:

ԵՄ-ն դիտարկում է նաև «պաշտպանական միջոցառումներ», որոնք կարող են արագ կիրառվել Չինաստանից և այլ երկրներից ներմուծումների նկատմամբ, եթե եվրոպական արդյունաբերությունները հաղորդեն նյութական վնասի մասին: Սա արտացոլում է չինական արդյունաբերական գերհզորության շուրջ աճող մտահոգությունները, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրամեքենաների արտադրությունը, կանաչ տեխնոլոգիաները և ռոբոտաշինությունը, որտեղ արհեստականորեն ցածր գներով չինական արտահանումները սպառնում են եվրոպական ընկերությունների գոյատևմանը:

ԵՄ-ի վճռականությունը չի սահմանափակվում ավանդական առևտրային ապրանքներով: 2025-ի մայիսին ԵՄ-ն TikTok-ին տուգանեց 530 մլն եվրոյով՝ եվրոպական օգտատերերի տվյալները ապօրինաբար Չինաստան փոխանցելու և դրանք չինական իշխանությունների հասանելիությունից չպաշտպանելու համար: Ռեկորդային այս տուգանքն ընդգծում է ԵՄ-ի աճող անհանգստությունը տվյալների անվտանգության և թվային ինքնիշխանության վերաբերյալ չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ իր գործարքներում: TikTok-ի դեպքը խորը անվստահության օրինակ է. ԵՄ-ն գնալով ավելի շատ է դիտարկում հակընդդեմ միջոցները Չինաստանի ազդեցության դեմ և պատրաստ է օգտագործել իր կարգավորիչ լծակները:

ԵՄ-ի գործողություններին Չինաստանի արձագանքը սպասելի ձևաչափով էր՝ թիրախավորված հակազդեցություն, դիվանագիտական բողոքներ և եվրոպական միասնությունը խաթարելու փորձեր: Էլեկտրամեքենաների մաքսատուրքերից հետո Պեկինը բողոք ներկայացրեց Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և պահանջեց, որ ԵՄ-ում չինական էլեկտրամեքենաների համար միասնական նվազագույն մաքսատուրք սահմանվի՝ փորձելով կանխել առանձին անդամ պետությունների կողմից առանձին գործարքների կնքումը: Միևնույն ժամանակ, Չինաստանի կողմից խոզի մսի հետաքննության երկարաձգումը և հազվագյուտ հողային հանքանյութերի արտահանման սահմանափակումները, որոնք կարևոր են ԵՄ արտադրության համար, վկայում են նրա պատրաստակամության մասին՝ իր հսկայական շուկան և ռեսուրսներն օգտագործելու ԵՄ-ի շուկային հասանելությունն ապահովելու համար:

Այս մարտավարությունները նոր չեն: Չինաստանը տնտեսական հարկադրանքի օգտագործման երկար պատմություն ունի, երբ պատժում է այն երկրներին, որոնք հատում են իր կարմիր գծերը՝ լինի առևտրի, մարդու իրավունքների, թե արտաքին քաղաքականության հարցերում: Տարբերությունն այժմ ԵՄ-ի՝ դիմադրելու աճող վճռականությունն է՝ նույնիսկ սրացման ռիսկի պայմաններում:

Այնուամենայնիվ, երկու կողմերը շարունակում են խոսել դիվանագիտական ռեստարտի անհրաժեշտության մասին: Չինաստանը վերջերս վերացրեց ԵՄ մի քանի անդամների նկատմամբ պատժամիջոցները, քայլ, որը լայնորեն դիտվում է որպես փորձ՝ բարելավելու մթնոլորտը 2025-ի հուլիսին կայանալիք հանգուցային ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից առաջ: Սակայն այս ժեստերը դատարկ են հնչում, երբ դրվում են շարունակվող առևտրային վեճերի և շուկայի մուտքի արգելքների ֆոնին:

Չինական էլեկտրամեքենաների համար գնային շեմի շուրջ բանակցություններ են ընթանում, մեխանիզմ, որը կարող է սահմանել նվազագույն գներ և մեղմել մատքսային հակասությունները: Սակայն հիմնարար խնդիրները մնում են չլուծված՝ Չինաստանի արդյունաբերական քաղաքականությունը, փոխադարձության բացակայությունը և եվրոպական ընկերություններին իր շուկային հասանելություն տալու դժկամությունը։

Հոդվածի բնօրինակը՝ EU's Latest Actions Against China: A Critical Analysis օf Escalating Tensions

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում