Քննարկվել է Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման արագացման հնարավորությունը

Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Երեկ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպեցի Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,– գրել է նախարարը։
Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չէր թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։
Հունիսի 24-ին այս հարցով Թբիլիսի էին մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի և Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ։
Սա առաջին բարձրաստիճան հանդիպումն էր հարցը լուծելու նպատակով մի քանի ձախողված փորձից հետո։
Հանդիպումից հետո Պապոյանն ու Հակոբյանը հայտնել են, որ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ ապահովելու հայկական կոնյակի արտահանման գործընթացը «փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով»։ Պապոյանը նշել է, որ հավելյալ մանրամասները և հետագա քայլերը կներկայացվեն բիզնես համայնքին՝ աշխատանքային կարգով։
Civilnet










