Գլխավոր Լրահոս

Աշխատանքային իրավունքի խախտումներ ու օրենսդրական փոփոխություններ

Աշխատանքային իրավունքի խախտումներ ու օրենսդրական փոփոխություններ

Սիրանուշ Ադամյան

Հայաստանում աշխատանքային իրավունքի խախտումները տարեցտարի աճում են,  կամ էլ՝ աշխատողներն են սկսել ավելի շատ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե որ խախտումներն են ամենաշատը լինում, որ ոլորտներում, ու ինչ փոփոխություններ են պատրաստվում կատարել աշխատանքային օրենսգրքում։

Աշխատանքային իրավունքի խախտումների ընդհանուր պատկերը Հայաստանում

Ըստ Աշխատանքի տեսչության տվյալների՝ տարեցտարի իրենց թեժ գծին զանգերի թիվը ավելանում է։ Օրինակ՝ 2024 թվականին Աշխատանքի տեսչության թեժ գիծ  7824 զանգ է ստացվել, ինչը գրեթե 50 տոկոսով ավելի է 2023-ի ցուցանիշից։

Տեսչական մարմնում 2024 թվականի ընթացքում ստացվել է 864 դիմում և բողոք, 2023-ին` 833, 2022-ին՝ 699։

Աղյուսակը՝ Աշխատանքի տեսչության հաշվետվությունից

Հայտնաբերված խախտումները հիմնականում լինում են

- աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկ չվճարելը,
- չօգտագորված ամենամյա արձակուրդի օրերը չվճարելը, 

- արտաժամյա գիշերային ծանր վնասակար աշխատանքներ կատարելիս վնասակարության համար նախատեսված հավելումներ չսահմանելը և չվճարելը,
- աշխատողների աշխատանքային պայմանագրերը անհիմն լուծելը։

Աշխատանքային իրավունքի խախտումներն առավել հաճախ արձանագրվում են շինարարության, հանքարդյունաբերության, սպասարկման, կրթության ու առողջապահության ոլորտներում։ 

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններով աշխատողներին չապահովելը, ինչը հիմնականում լինում է շինարարության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում։ Բայց արդյոք միայն գործատունե՞րն են մեղավոր իրավունքների խախտումների համար։ Տիրուհի Նազարեթյանը նշում է, որ հիմնական բացը գործատուներինն է։

Տիրուհի Նազարեթյանը, Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ, աշխատանքային իրավունքի մասնագետ

«Երբ որ ասում են՝ աշխատողն էր մեղավոր շինարարության վրա, ինքը չէր կապվել և ընկավ, դա գործատուի մեղավորությունն է, մենք չենք կարող թույլ տալ, որ աշխատողն առանց համազգեստի, առանց կապվելու բարձրանա վերև։ Եթե անգամ նա դա արել է, էլի գործատուի մեղավորությունն է, դա ինքը պիտի թույլ չտա»,- ասում է Նազարեթյանը՝ հավելելով, որ գործատուն ունի խիստ նկատողություն տալու, անգամ աշխատանքից ազատելու իրավունք, եթե խախտվում է այդ կարգապահությունը։

Փոփոխություններ՝ Աշխատանքային օրենսգրքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում, որոնք, ըստ նախարարության կամ Աշխատանքի տեսչության, կարող են նաև նվազեցնել աշխատանքային իրավունքի խախտումները Հայաստանում։

Փոփոխություններից մեկը աշխատանքային պայմանագրերի թվայնացումն է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային պայմանագիրը ու ինչպես է այն գործելու

2025-ի ապրիլի 10-ին կառավարությունը ընդունեց որոշում, որով սահմանեց աշխատանքային պայմանագրերի թվային համակարգին ներկայացվող պահանջներն ու թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը։ Ըստ որոշման՝ թվային եղանակով պայմանագրի կնքումը կիրականացվի հետևյալ փուլերով.

  1. Նախ գործատուն աշխատանքային պայմանագրերը կամ դրանց փոփոխությունները կկազմի ՊԵԿ-ի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
  2. Դրանից հետո կազմված փաստաթուղթը կստորագրվի գործատուի էլեկտրոնային ստորագրությամբ։
  3. Ստորագրված փաստաթուղթը կարտացոլվի ՊԵԿ-ի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակում, որից հետո աշխատանքի ընդունվող անձի էլ. փոստին կուղարկվի ծանուցում։
  4. Հայաստանի քաղաքացիների մուտքը թվային համակարգ կիրականացվի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիներինը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և ՊԵԿ-ի կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
  1. Աշխատանքի ընդունվողը պայմանագիրը կամ դրա փոփոխությունը կստորագրի էլեկտրոնային ստորագրությամբ՝ ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ։
  2. ՀՀ քաղաքացիների համար կկիրառվի նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային ստորագրություն, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային ստորագրության լուծումներ (այդ թվում՝ CoSign էլեկտրոնային ստորագրությամբ):
  3. Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո համակարգում     ինքնաշխատ եղանակով կձևավորվի աշխատակցի գրանցման հայտ։
  4. Գործատուների կողմից գրանցման հայտը հարկային մարմին կհանձնվի մինչև գրանցման հայտը ձևավորվելու աշխատանքային օրվա ավարտը։

Նոր կարգավորումները 2025 թվականի հուլիսի 1-ից կլինեն կամավոր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ պարտադիր։

2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրամադրվելու բոլոր գործատուներին, որ ավելի վաղ ընդունված աշխատողների պայմանագրերը ևս այդ հարթակում լրացնեն։

Աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրուհի Նազարեթյանի խոսքով՝ էլեկտրոնային պայմանագրերի թվայնացումն իր հետ կբերի խնդիրներ. գյուղական բնակավայրերում շատերը կխուսափեն պայմանագրերը գրանցելուց՝ իմանալով, որ դրանք պետք է նաև թվային դարձնեն.

«Չեմ կարծում, թե դա կնպաստի ոչ ֆորմալ դաշտից ֆորմալ դաշտ գալուն, այս պահին ամեն դեպքում իրատեսական չեմ համարում դա»,- ասում է Նազարեթյանը՝ հավելելով, որ այս նախագիծը պարզապես վերահսկողությունը կհեշտացնի։

Արտադատական համակարգ՝ աշխատանքային վեճերը լուծելու համար. ի՞նչ է այն 

Մեկ այլ օրենսդրական նախագիծ է աշխատանքային վեճերը արտադատական համակարգով լուծելը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով հանրային քննարկման կդրվի։ Այսինքն՝ այն իրենից կներկայացնի առանձին մարմին, որը կփորձի լուծել տվյալ վեչը նախքան դատարան հասնելը։

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա կարճ ժամանակում լուծել առկա խնդիրը, ու վեճի լուծումը ոչ թե վճռի տեսքով բերել, այլ համատեղ որոշումով։ Այս տարբերակով վեճի լուծումը կլինի անվճար։ 

Ռուբեն Սարգսյանը, Աշխատանքի և սոցհարցերի փոխնախարար

«Այն կանխարգելիչ գործառույթ ունի, որ այդ աշխատանքային կոնֆլիկտը չվերածվի լուրջ բարդ պրոցեսի, և հնարավորություն կտա, որ կողմերը աշխատանքային հարաբերությունները շարունակեն, ու քիչ վնաս կրեն, որովհետև եթե գործատուն է մեղավոր, դատական պրոցեսով ինքը նաև հարկադիր պարապուրդի գումար պետք է վճարի, դա լուրջ թվեր, լուրջ գումարի մասին է, ու գործատուն միանգամից վնաս է կրում»,- ասում է Ռուբեն Սարգսյանը։

Հնարավոր փոփոխություններ՝ քաղիրավական պայմանագրով աշխատողների համար

Աշխատանքի տեսչական մարմինը որոշ փոփոխություններ է առաջարկում՝ կապված քաղիրավական պայմանագրով աշխատողների հետ։ 

Հիմնական խնդիրը վերաբերում է այն դեպքերին, երբ գործատուն աշխատողի հետ կնքում է ոչ թե աշխատանքային պայմանագիր, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, մինչդեռ աշխատողն ավելի շատ աշխատանքային հարաբերության մեջ է գտնվում գործատուի հետ։ Սրա արդյունքում աշխատողը զրկվում է մի շարք իրավունքներից՝ վերջնահաշվարկ, գիշերային, տոնական կամ արտաժամյա աշխատանքի համար վճարում, հանգստի իրավունք, անվտանգության երաշխիքներ և այլն։ 

Այս դեպքերում գործատուները ծառայությունների մատուցման պայմանագրերի միջոցով խուսափում են աշխատողի նկատմամբ օրենքով սահմանված պարտավորություններից։

Ներկայում աշխատողը կարող է դատարանի միջոցով ապացուցել, որ դա աշխատանքային հարաբերություն է եղել, բայց դատական կարգով այդ գործընթացը բարդ և երկարատև է։

«Մեր առաջարկի տրամաբանությունն այն է, որ պետական վերահսկողություն իրականացնող մարմինը կարողանա այդ գործառույթը բնութագրել, դա աշխատանքային հարաբերություն է, թե ծառայությունների մատուցման, այնտեղ չափորոշիչներ պիտի լինեն, հստակ սահմանվի օրենքից բխող կարգեր, որպեսզի կարողանանք բնութագրել այդ աշխատանքը»,- ասում է Տեսչական մարմնի աշխատանքի վերահսկողության բաժնի պետ Արամ Մկրտչյանը։

Արամ Մկրտչյանը, Աշխատանքի տեսչության աշխատանքի վերահսկողության բաժնի պետ

Մասնագետների խոսքով՝ լուրջ խնդիր է նաև այն, որ Տեսչական մարմինը աշխատավայրերում ստուգումներ կատարելուց երեք օր առաջ նախապես ծանուցում է ուղարկում, ինչը, նրանց խոսքով, նվազեցնում է խախտումները ժամանակին բացահայտելու հնարավորությունը։ Տեսչական մարմնից հայտնում են, որ նախատեսվում է վերանայել օրենքի նաև այս դրույթը։ 

Չնայած խախտումներին՝ մասնագետները փաստում են, որ այժմ աշխատողներն ու գործատուներն ավելի ուշադիր են դարձել իրենց իրավունքներին ու ավելի պահանջատեր։ 

Վերջին տարիներին աճում են աշխատանքային վեճերը կարգավորելու համար դատական հայցերը։ Եթե 2023-ին աշխատանքային իրավահարաբերությունների հետ կախված դատական հայցերի թիվը եղել է 391, 2024-ին դրանց թիվը կազմել է 432: 

2024-ին  ստացված դատական գործերի թիվն՝ ըստ վեճի բնույթի

Խախտումների մասին ավելի շատ բարձրաձայնելը դրական են գնահատում մասնագետները, բայց թե որքանով Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները կօգնեն խախտումների նվազմանը կամ աշխատանքային վեճերն ավելի հեշտ լուծելուն, դժվարանում են ասել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում