ՀԷՑ-ի ղեկավարն ընկերության շուրջ կատարվողը համեմատում է «խելագարության կանխավարկածի» հետ

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ընկերության պետականացման գործընթացը համեմատում է «խելագարության կանխավարկածի» հետ։ «Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է՝ դուք կանխատեսո՞ւմ էիք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց։ Մենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել»,- այսօր Երևանում հրավիրված ասուլիսին հայտարարեց նա։ «Անցած տարիների ընթացքում որևիցե ձևով անգամ ակնարկ չի եղել, որ ձեզ մոտ այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն»։
Ղազինյանը ներկայացրեց ՀԷՑ-ում 2015-ից ի վեր իրականացված բարեփոխումները։ «2015 թվականից սկսած KPMG կազմակերպությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտով»,- ասաց նա։ Նա նշեց, որ ՀԷՑ-ի աուդիտը անցկացրել են միջազգային հեղինակություն ունեցող GT և BDO Armenia ընկերությունները։ «Այս կազմակերպությունները անցկացրել են և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական աուդիտ և տվել են դրական եզրակացություն»,- ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպություններին ընտրել է ՀԾԿՀ-ն՝ իրենց համաձայնությամբ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այն մարմինն է, որը ծրագրավորում է մեր ոլորտը։ Մենք առաջնորդվում ենք իրենց կայացրած որոշումների, իրենց՝ մեզ համար սահմանած չափորոշիչներով։ Անցած տարիների ընթացքում որևիցե ձևով անգամ ակնարկ չի եղել, որ ձեզ մոտ այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն»։
Ըստ Ղազինյանի՝ ՀԾԿՀ-ի վերլուծությամբ, 2023-ին ՀՀ ամբողջ տարածքում հոսանքազրկումների հաճախականության միջին ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 8.7 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգման միջին տևողությունը՝ 18.1 տոկոսով։
«Այդ մարմինը [ՀԾԿՀ] երբևիցե որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքը այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կատարվել է 91.8%-ով, որը բավական բարձր և լավ ցուցանիշ է։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծախսերը ընդունելուց ֆիքսում է ներդրումային ծրագիրը, ֆիքսում է, այսպես ասած, իր կողմից ոչ ընդունելի ծախսերը»,- ասաց Ղազինյանը՝ նշելով, որ ՀԾԿՀ-ի կողմից չի եղել դիտարկում որևէ ոչ նպատակահարմար ծախսի վերաբերյալ։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Ղազինյանն ասաց, որ ՀԷՑ-ի պետականացման օրենսրդական փաթեթը «անգրագետ օրենքի նախագիծ» է։
Նա նշեց, որ պետական մարմինները իրենց մոտ երբևէ որևէ լուրջ խնդիր չեն տեսել. «Երբ որ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում, և այն ընկերությունը, որին փորձում են պետականացնել, յուրաքանչյուր բառ այդտեղ տեղին է»։
ՀԷՑ-ի ղեկավարի խոսքով՝ պետականացման հարցում «խելագարության կանխավարկածի խնդիր կա»։ «Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է՝ դուք կանխատեսո՞ւմ էիք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց,- ասաց Ղազինյանը և հավելեց։- Մենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել»։ «Չնայած մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած՝ առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ»,- ասաց Ղազինյանը՝ նշելով, որ ներպետական ատյաններից բացի դիտարկում են միջազգային ատյաններ դիմելու հարցը։
«Բոլոր իրավական ճանապարհներով [պայքարելու ենք], ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը մարդուն ուժեղացնում է մի քանի անգամ»,- ասաց նա։ Ղազինյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչ ճանապարհով ու ինչ ռազմավարությամբ են պայքարը շարունակելու։
ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։
Civilnet










