Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումն ավարտվել է, սակայն ճանապարհը կմնա փակ

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների առաջին փուլը փաստացի ավարտվել է։ Այնուամենայնիվ, ճանապարհը դեռ կշարունակի փակ մնալ երթևեկության համար։
Երևանի քաղաքապետարանի հունիսի 30-ի գործակարգավարական նիստին զեկուցվեց, որ փակման պատճառը հարակից՝ դեռևս չփլուզված հատվածներում առկա ռիսկերն են։ Նոր փլուզումներից խուսափելու համար նախատեսվում է իրականացնել ամրացման աշխատանքների երկրորդ փուլ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ամփոփելով զեկույցը, հաստատեց, որ թեև փլուզված մասը վերականգնված է, անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք տանել վտանգավոր այլ հատվածներում։
Ներկայում քննարկվում են երկրորդ փուլի աշխատանքների ժամանակացույցը և ճանապարհի հնարավոր լայնացման հարցերը, որոնց հստակեցումից հետո միայն հնարավոր կլինի խոսել խճուղու բացման մասին։
Ավելի վաղ՝ մարտի 3-ին քաղաքապետարանը հայտարարեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին։
2022-ի մայիսի 27-ին քաղաքային իշխանությունը պնդեց, որ «Ծիծեռնակաբերդի խճուղում արագ վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը»։
Նույն տարվա հունիսին քաղաղաքապետարանը հայտնեց, թե «Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ»։
Հուլիսի 11-ին քաղաքային իշխանությունը FIP-ին վստահեցրեց, որ ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի երկու ամսվա ընթացքում։
2022-ի հուլիսի 22-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փլուզված հատվածում ստուգումներ էր իրականացրել, ինչի արդյունքում հայտնել էր, թե «Սահակյանշին» ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։
«Սահակյանշին»-ից պնդել էր, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևները և նախկինում անորակ նյութերով ճանապարհի լայնացում իրականացնելն է եղել։
Թեմա
Civilnet










