Կարապետյանների ընտանիքը ՀՀ-ին ծանուցել է ներդրումային վեճի մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը պաշտոնապես ծանուցել են Հայաստանի Հանրապետությանը ներդրումային վեճի մասին։ Ծանուցումը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 1995-ին ստորագրված ներդրումների պաշտպանության համաձայնագրի վրա, որը թույլ է տալիս ներդրողներին միջազգային արբիտրաժի դիմել՝ իրավունքների խախտման դեպքում։
Ծանուցման մեջ նշվում է, որ ներդրումային վեճը ծագել է այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն քննադատել է Սամվել Կարապետյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտպանելու համար։ Կարապետյանը ավելի վաղ պաշտպանել էր Եկեղեցուն Փաշինյանի մեղադրանքներից հետո։
Ի պատասխան, վարչապետը հրապարակել էր սպառնալիքներ Կարապետյանի հասցեին։ Հունիսի 17-ին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Կարապետյանի տանը, նրան ձերբակալել են և մեղադրանք ներկայացրել՝ իշխանությունը բռնազավթելու կոչերի համար։ Դատարանը Կարապետյանին կալանավորել է երկու ամսով։
Նույն օրը վարչապետը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման մասին, որը պատկանում է Կարապետյանների ընտանիքին՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited-ի միջոցով։ Դրանից հետո պետական մարմինները սկսել են աշխատանք ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ։ Արդեն մշակվել են օրինագծեր, որոնք թույլ կտան բռնագրավել ընկերությունը։ Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին։
Բաժնետերերը պնդում են, որ Հայաստանի պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Նրանց խոսքով՝ այս քայլերը խախտում են միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, հատկապես՝ արդար վերաբերմունքի, ներդրումների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման պայմանները։
Կարապետյանների ընտանիքը նախազգուշացնում է, որ շարունակական խախտումների դեպքում Հայաստանը կարող է կանգնել միջազգային արբիտրաժի և ամբողջական փոխհատուցման պահանջի առաջ։
Ներկայումս Հայաստանը բախվում է նաև մի քանի այլ արբիտրաժային գործերի՝ ներկայացված Կիպրոսի, ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի ներդրողների կողմից։
Civilnet










