Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը Թվիթերի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը կգա Հայաստան: «Լսել եմ՝ Carrefour-ը ցանկանում է գալ Երևան: Ես Բրյուսելում օգտվում էի այդ խանութից:
Լավ կլինի մրցակցության համար: Հուսով եմ՝ դա տեղի կունենա»,– գրել է դեսպանը:
Աշխարհի երկրորդ խոշորագույն առևտրային ցանցի՝ Հայաստան գալու մասին խոսակցություններն սկսվեցին նոյեմբերից, երբ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում էր ունեցել տարածաշրջանում Carrefour-ի արտոնագրային գործընկեր Majid Al Futtaim ընկերության ղեկավարների հետ և, ըստ տարածված հաղորդագրության, պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդ ընկերությունը Հայաստանում շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացնելու: Ուշագրավ է, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում մինչև հիմա փակցված են Carrefour-ի գալուստն ազդարարող պաստառները:
Carrefour-ի մուտքը Հայաստան միմիայն դրական կարող է լինել երկրի համար:
Նախ՝ 150 միլիոն ներդրումը հսկայական էֆեկտ կարող է ունենալ երկրում՝ հատկապես 2012թ. օտարերկրյա ներդրումների շեշտակի անկման ֆոնին:
Երկրորդ՝ ընկերությունը լուրջ և իրական հակակշիռ կստեղծի այն ցանցերի համար, որոնց համար սովորական են անարդար մրցակցության դրսևորումները և ստվերում մնալը: Մրցակցության ուժեղացումը կբերի որակի բարձրացման և գների իջեցման և միանշանակ կլինի սպառողների օգտին: Դրա լավագույն օրինակը Հայաստանի բջջային շուկայում վերջին տարիների մրցակցության դինամիկան է:
Երրորդ՝ Carrefour-ի նման բրենդի մուտքը ոչ միայն նոր մշակույթ կբերի Հայաստան, այլև աշխարհի ներդրումային քարտեզի վրա կընդգծի Հայաստան վայրը:
Չնայած այս ամենին՝ լրատվամիջոցներում չեն դադարում պնդումները, որ Carrefour-ի գալն առչնվում է որոշ մրցակիցների շահերին, որոնք ամեն կերպ խոչընդոտում են ֆրանսիական ընկերության մուտքը Հայաստան:
Անկախ նրանից, թե այդ պնդումներն իրականությանը համապատասխանում են, թե ոչ, կառավարությունը պարտավոր է ապացուցել, որ թույլ չի տա, որ որևէ կերպ որևէ մեկը խոչընդոտի երկրին այդքան անհրաժեշտ ներդրումները:
Civilnet











