Նստել ավտոբուս և անմիջապես վճարել կամ տուգանվել 15,000 դրամ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Ազգային ժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստին սկսեց քննարկել ուղեվարձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։
Ըստ նախագծի՝ սահմանվում են հետևյալ տուգանքները՝ 15,000 դրամ՝ տրանսպորտի վարձը չվճարելու համար կամ ուրիշի, մասնավորապես՝ արտոնյալ անձի քարտից օգտվելու համար։ Բացի այդ, նախագծով սահմանվում է 3,000 դրամ տուգանք, եթե ուղևորն ունի վճարային քարտ, սակայն չի վավերացրել այն վալիդատորով։
Օրենսդրական փաթեթում նաև սահմանվում է, որ վճարի գանձման նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները:
Հսկողության նպատակով համայնքային մարմինը կարող է նաև օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար:
Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը, մինչև ուղևորության ավարտը այն պահպանել ու տալ հսկող անձին, եթե նա պահանջում է:
Բացի այդ, կա մեկ այլ դրույթ, որ լիազոր մարմինը կամ անձինք իրավունք կունենան նույնականացնելու անձանց։ Եթե անձը կասկածվում է, որ չի մուծել ու չի պատրաստվում նույնականացվել, կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել։
Թեմա
Civilnet










