Բաքու-Մոսկվա առճակատման խորապատկերը. BBC-ի անդրադարձը

Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան շուրջ դիվանագիտական բախումը հանգեցրել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այս տարվա ընթացքում արդեն երկրորդ հրապարակային ճգնաժամին։
BBC-ն թեմայի շուրջ ծավալուն հոդված է հրապարակել։ Նշվում է, որ Բաքվի կոշտ արձագանքը կապված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Մի քանի տարի առաջ այսօրինակ դեպքերը նման ուժգին արձագանքներ չէին առաջացնում։
Փորձագետների խոսքով՝ ներկայում Ադրբեջանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տերություն և մարտահրավեր է նետում Մոսկվայի գերիշխող դերին Հարավային Կովկասում։ Այս համատեքստում պետք է դիտարկել Ռուսաստանի նկատմամբ եղած դժգոհությունները։
Եկատերինբուրգի միջադեպը
Ուրբաթ Եկատերինբուրգում իրավապահները ձերբակալեցին անձանց, որոնք կասկածվում էին 2001, 2010 և 2011 թվականների սպանություններին մասնակցելու մեջ։ Ձերբակալման ժամանակ մահացան ադրբեջանական ծագում ունեցող եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Մի քանի հոգի էլ տեղափոխվեց հիվանդանոց։
Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ եղբայրներին «բռնի սպանել են» ուժայինները։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ եղբայրներից մեկը մահացել է սրտի կաթվածից, իսկ երկրորդի մահվան պատճառները պարզվում են։
Դրանից հետո երկկողմ հարաբերություններում լարվածությունը աճեց։
Բաքվում չեղարկեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը և մի շարք ռուս երգիչների համերգներ։ Ադրբեջանի իշխանամերձ մամուլը սկսեց սուր քննադատել Ռուսաստանին։ Մի հոդվածում ասվում էր․ «Սպանությունների հարցում Պուտինը գերազանցել է Ստալինին», մեկ այլ հոդված էլ Եկատերինբուրգում ուժայինների գործողություններն անվանում էր «պատժիչ արշավ»։
Ստեղծված իրավիճակը հիշեցնում է անցյալ տարվա վերջին տեղի ունեցած ճգնաժամը, երբ ռուսական ՀՕՊ համակարգը սխալմամբ խոցել էր ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել էր ուղևորների մեծ մասը, այդ թվում՝ օդաչուները, որոնք հասցրել էին ինքնաթիռն իջեցնել Ղազախստան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել էր, որ Ռուսաստանն ընդունի իր մեղքը և սկսի մանրամասն քննություն։ Պուտինը ներողություն էր խնդրել, բայց դա բավարար չէր․ սկսվեց տեղեկատվական պատերազմ։ Լրտեսության մեղադրանքով Բաքվում փակվեց «Ռուսական տունը»։ Այնուհետև Բաքուն պահանջեց փակել «Սպուտնիկ» գործակալության տեղական գրասենյակը։
Չնայած դրան՝ «Սպուտնիկը» շարունակում էր գործել, բայց այս երկուշաբթի այնտեղ իրականացվեցին խուզարկություններ։ Ձերբակալվեց երկու աշխատակից, որոնց ադրբեջանական ոստիկանությունն անվանում է ՖՍԲ-ի գործակալներ։ Ձերբակալվածներն էին «Սպուտնիկ»-ի տեղական գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և աշխատակից Եվգենի Բելոուսովը, որոնք դուրս բերվեցին շենքից դիմակավորված ուժայինների կողմից։
«Բաքվում մեր ներկայացուցչության հետ տեղի ունեցածը մենք ընկալում ենք որպես անարդարություն»,- հայտարարեց Россия Сегодня-ի ղեկավար Դմիտրի Կիսելյովը։ Նա ասաց, որ Բաքվի գործողությունները հիշեցնում են «միտումնավոր քայլ՝ երկկողմ հարաբերությունները վատթարացնելու նպատակով»։
Ինչ ազդեցություն է ունեցել Ղարաբաղը Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վրա
Ադրբեջանցիների հետ կապված ողբերգություններ նախկինում էլ են եղել Ռուսաստանում, բայց նման արձագանք չեն առաջացրել։ 2021-ին Նովոսիբիրսկի մարզում ճանապարհային ոստիկանը սպանել էր 19-ամյա Վեքիլ Աբդուլաևին՝ իբր պատահմամբ։ Տեսուչին արդարացրել էին, ինչը բողոքների ալիք էր բարձրացրել Ադրբեջանի խորհրդարանում և Ռուսաստան ադրբեջանցիների շրջանում, բայց խնդիրը միջպետական մակարդակի չէր հասել։
Պաշտոնական արձագանք չեղավ նաև այն ժամանակ, երբ Սանկտ Պետերբուրգի դատարանը բանտարկեց մի խումբ երիտասարդների, որոնք իրենց անվանում էին «Ադրբեջանական մաֆիա», սակայն իրականում եղել էին «տրեշ-ստրիմերներ»՝ հարձակվում էին մարդկանց վրա և նկարահանում։ Նրանց առաջնորդը 2023-ին փախել էր Ադրբեջան, բայց արտահանձնվել էր։
Փորձագետները նշում են, որ ավելի կոշտ արձագանքները կապված են ուժերի հավասարակշռության փոփոխության հետ։
2020-ի պատերազմում Ադրբեջանի հաղթանակը թույլ տվեց նրան դիրքավորվել որպես տարածաշրջանային առաջնորդ՝ ունենալով թե՛ ամենամեծ տնտեսությունը, թե՛ ամենաբազմամարդ բնակչությունը՝ գերազանցելով Հայաստանը և Վրաստանը միասին վերցրած։
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա 2022-ին թույլացրեց Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում։ Չնայած Պուտինն ու Ալիևը պատերազմի նախօրեին ստորագրեցին համագործակցության հռչակագիր, Ադրբեջանը չդարձավ Ռուսաստանի իրական դաշնակից․ նա կոչում է ռուսների գրաված ուկրաինական տարածքները «օկուպացված» և մարդասիրական օգնություն է ուղարկում Կիև։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը աչք է փակում այդ ամենի վրա՝ Բաքվի մասնակցության համար նախագծերին, որոնք կապում են Մոսկվային արտաքին աշխարհի հետ։ Ադրբեջանով անցնում են կարևոր գազատարներ և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի ճյուղ։
Ոչ բարեկամ, ոչ թշնամի
«Ռուսաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես կոշտ ուժ Հարավային Կովկասում»,- նշել է տարածաշրջանի հարցերով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմ դե Վաալը։
Ադրբեջանն այժմ ուղղակիորեն չի մրցում Ռուսաստանի հետ, բայց վիճարկում է նրա գերիշխանությունը, ասում է Բեռլինի Կարնեգի կենտրոնի փորձագետ Զաուր Շիրիևը։ Բաքուն չի ցանկանում, որ Ռուսաստանը վերականգնի ազդեցությունը Վրաստանում՝ այնտեղով անցնող իր կարևոր էներգետիկ և տրանսպորտային ուղիների պատճառով։ Նաև չի ուզում, որ Հայաստանում վերադառնան դեպի Ռուսաստան նայող ուժերը, որոնք դեմ են խաղաղությանը և Ղարաբաղի նկատմամբ պահանջներից վերջնական հրաժարմանը։
Հրապարակային այս ճգնաժամը միտված է նաև Արևմուտքին։ «Ռուսաստանից հեռանալը Ադրբեջանին պետք է, որպեսզի Արևմուտքից թաքցնի իր սեփական խնդիրները»,- նշում է Հարավային Կովկասի մասնագետ Կիրիլ Կրիվոշեևը՝ հիշեցնելով բազմաթիվ լրագրողների և ընդդիմադիրների ադրբեջանական բանտերում գտնվելու փաստը։
Իրականում, ըստ Շիրիևի, Ադրբեջանն ու Ռուսաստանը ոչ բարեկամ են, ոչ էլ բացահայտ թշնամիներ։
«Ադրբեջանը պարզապես ցույց է տալիս, որ այլևս պատրաստ չէ լռել և ընդունել Ռուսաստանի վարքագիծը, երբ իր ազգային շահերն են վտանգված»։
Տեղադրություն
Civilnet










