Մեկնարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունները։ Երևանում միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Հանդիպման ժամանակ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում անդրադարձել է Հայաստանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերին։ Նա շեշտել է, որ այս խորհրդակցությունները վկայում են Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու անսասան հանձնառության մասին՝ հիմնված խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների արժեքների վրա։
«Ժողովրդավարությունը մեզ համար պարզապես քաղաքական համակարգ չէ. այն մեր ինքնիշխանության հիմնաքարն է, դիմակայունության հիմքը և ապագայի առանցքային ուղենիշը»,- ասել է Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով, Հայաստանի ներկայիս քայլերը ուղղված են անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը, միակողմանի կախվածությունից հեռացմանը։ Այս համատեքստում նա ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության դերը։
«Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում։ Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից»,- նշել է նախարարը։
Նախարարի խոսքով, ԵՄ մշտադիտարկման առաքելությունը տարածաշրջանում կարևոր կայունացնող գործոն է դարձել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ 2024-ին «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին տրամադրված աջակցության համար՝ ակնկալելով դրա շարունակությունը 2025-ին։
«Մեր աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այսօրվա ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին»,- ասել է նախարարը։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները նաև Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ՝ նպատակ ունենալով մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման միջոցով ամրապնդել համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև հիբրիդային սպառնալիքները, կիբեռանվտանգությունը և տեղեկատվական մանիպուլյացիաները։ Այս համատեքստում Միրզոյանը շեշտել է․ «Հայաստանը շարունակում է վճռական մնալ ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտությանը հակազդելու հանձնառության մեջ։ Այս վնասակար գործողություններն ուղիղ սպառնալիք են մեր ժողովրդավարական հասարակությանը, դիմակայունությանը և ինքնիշխանությանը»։
Civilnet











