Վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները․ նոր նախագիծ

Գևորգ Թոսունյան
Ազգային ժողովը հուլիսի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է պարտավորեցնել վարորդներին ոչ լուրջ վթարի դեպքում 20 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի մասից հեռացնել մեքենաները։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Էդուարդ Աղաջանյանը շեշտեց, որ այն վերաբերում է բացառապես երկու մեքենայով վթարներին։
Ըստ նախագծի հիմնավորումների՝ փոխության նպատակը Երևանում և այլ քաղաքներում արհեստական խցանումների կանխարգելումն է։ Նշվում է, որ ներկայում անգամ աննշան վթարներից հետո, երբ կողմերը համաձայնություն ունեն մեղավորության հարցում, փաստաթղթերի լրացման գործընթացի պատճառով ճանապարհը փակ է մնում միջինը 1 ժամ 12 րոպե։ Սա, իր հերթին, ունենում է տնտեսական, անվտանգային և նույնիսկ առողջապահական բացասական հետևանքներ։
Ո՞ր դեպքերում է կանոնը գործելու
Նոր պահանջը կգործի միայն այն դեպքում, երբ առկա են հետևյալ բոլոր պայմանները՝
- պատահարին մասնակցում է միայն երկու տրանսպորտային միջոց,
- առկա է միայն գույքային վնաս (տուժածներ չկան),
- կողմերը համաձայն են մեղավորության հարցում և լրացնում են համաձայնեցված հայտարարագիր,
- մեքենաները չունեն այնպիսի տեխնիկական անսարքություն, որն արգելում է դրանց հետագա շահագործումը։
Հեղինակների գնահատմամբ՝ այս կարգավորումը կտարածվի ապահովագրական պատահարների ընդհանուր թվի շուրջ 85%-ի վրա։
Տուգանք՝ 20 րոպեից հետո
Եթե վարորդները սահմանված 20 րոպեի ընթացքում չազատեն ճանապարհի երթևեկելի հատվածը, նրանց նկատմամբ կկիրառվի վարչական տուգանք՝ 30,000 դրամի չափով։ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում հայտնեց, որ վարորդներին, հնարավոր է, 20 րոպեից բացի ևս 10 րոպե տրվի։
Ինչպե՞ս է գործընթացն արագանալու
Ըստ նախագծի՝ խցանումներից խուսափելու համար նախատեսվում է նաև տեխնոլոգիական լուծումներ ներդնել ASWA բջջային հավելվածի միջոցով։ Մասնավորապես, նախատեսվում է՝
- միմյանց տվյալներն արագ փոխանցելու համար գեներացնել անհատականացված QR կոդեր,
- հավելվածում ունենալ վթարի վայրը տեսանկարահանելու և լուսանկարելու հնարավորություն,
- պատահարը գրանցելիս վարորդներին ուղարկել ծանուցում՝ 20 րոպեի ընթացքում մեքենաները հեռացնելու պարտականության և դրա համար սահմանված տուգանքի մասին։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025-ի սեպտեմբերի 1-ից։
Թեմա
Civilnet










