Ադրբեջանը ռուսական կողմին թույլ չի տվել այցելել ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուս լրագրողներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ռուսական կողմը խնդրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն տալ այցելել Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին այցելելու հնարավորություն չի տրամադրվել», - ասել է Զախարովամ։
Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հետ։
Դիմելով Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, Մարիա Զախարովան զգուշացրել է, որ նրանք պետք է «հաշվի առնեն ստեղծված իրավիճակը»:
«Նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այս պայմաններում, եթե մեր քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում, եթե պլանավորում են ուղևորություն, ապա, իհարկե, պետք է ուշադիր քննարկեն ստեղծված իրավիճակը», - ասել է նա։
Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին «միջոցներ ձեռնարկել հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակի վերադարձնելու համար», ինչը գրանցված է փաստաթղթերում։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում։ Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի անձանց ձերբակալման մասին, այդ թվում՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի։ «Սպուտնիկ»-ի խմբագրությունը հայտնել է, որ իրենք Ադրբեջանում աշխատելու որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, և որ երկխոսություն է ընթանում աշխատանքային խմբերի մակարդակով՝ հնարավոր անհամաձայնությունները լուծելու համար: Երեքշաբթի օրը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բանավոր նոտա է հանձնվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին:
Civilnet











