ԱՄՆ-ն դադարեցրել է որոշ սպառազինությունների մատակարարումն Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինային որոշ սպառազինությունների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումը։ Այս որոշումը կայացվել է ռազմական ծախսերի և օտարերկրյա օգնության վերանայման արդյունքում։ Այդ մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հավանություն է տվել վերանայման գործընթացին, որը, ըստ պաշտոնյայի, սկսվել էր դեռ ամիսներ առաջ։
Սպիտակ տան մամուլի փոխքարտուղար Աննա Քելին հայտարարել է, որ որոշումը կայացվել է «Ամերիկայի շահերն առաջնային դիտարկելու» հիմքով։
Ռուսաստանը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ պնդելով, թե այն պայմանավորված է ԱՄՆ-ի սպառազինության պակասով՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
«Մեր տեղեկություններով, այս որոշման պատճառը սպառազինության պահեստների դատարկ լինելն է։ Սակայն ամեն դեպքում՝ որքան քիչ զենք մատակարարվի Ուկրաինային, այնքան մոտ կլինի հատուկ ռազմական գործողության ավարտը»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Միացյալ Նահանգների որոշ պաշտոնյաներ ենթադրել են, որ Ուկրաինային օգնության վերանայումը մասամբ կապված է Պենտագոնի՝ Չինաստանի վրա կենտրոնանալու և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հնարավոր ապագա հակամարտություններին նախապատրաստվելու ռազմավարության հետ։ Այդ ուղղությունն առաջնային է համարվում Պենտագոնի քաղաքականության ղեկավար Էլբրիջ Քոլբիի կողմից։
Civilnet










