Ռուսաստանից պարզաբանում են հայցել՝ պաղպաղակի արգելքի վերաբերյալ

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է հայցել «Կորովկա իզ Կորենովկի» պաղպաղակի ներմուծման վրա ժամանակավոր արգելք դնելու հետ կապված։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
*Ռոսպոտրեբնադզորը Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունն է։
Հայաստանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է Ռուսաստանի «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի՝ մարտի 7-ի արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան: Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։
Տեսչական մարմնից հայտնել էին, որ խմբաքանակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։
«Ռեննա» ընկերությունների խումբը, որը արտադրում է «Կորովկա իզ Կորենովկի» ապրանքանիշի պաղպաղակ, հայտնել էր, որ արտադրանքի հետ կապված խնդիրները կարող էին առաջանալ դրա սխալ փոխադրման կամ պահպանման պատճառով:
Ռոսպոտրեբնադզորում հայտնել են, որ իրականացվող մոնիթորինգի շրջանակներում չեն գրանցվել արտադրանքի անվտանգության և որակի պահանջներին, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքեր:
«Ռոսպոտրեբնադզորը Հայաստանի իրավասու մարմիններից հայցել է լրացուցիչ տեղեկություններ ռուսական արտադրության արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառների վերաբերյալ, ներառյալ լաբորատոր հետազոտությունների արդյունքները», - շեշտել են մամուլի ծառայությունում:
Civilnet










