Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը․ Փաշինյանը՝ Թրամփին

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում։
Վարչապետն իր ուղերձում նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցվի Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները:
«Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության Կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,- ասված է ուղերձում:
Civilnet










