Գլխավոր Լրահոս

Ռազմավարությունից դուրս. ինչպե՞ս Հայաստանի աշխատաշուկան անտեսանելի դարձրեց 140,000 մարդու

Ռազմավարությունից դուրս. ինչպե՞ս Հայաստանի աշխատաշուկան անտեսանելի դարձրեց 140,000 մարդու

Գևորգ Թոսունյան

Հայաստանում հաշմանդամություն ունեցող շուրջ 140,000 աշխատունակ անձ ոչ միայն չի աշխատում, այլև դադարել է աշխատանք փնտրել։ Պատճառը հոգեբանական է, միևնույն ժամանակ՝ համակարգային. նրանք կորցրել են հավատը, որ երբևէ կկարողանան իրացնել իրենց աշխատելու իրավունքը։ 

Վիճակագրության «սառը» լեզուն

Պաշտոնական տվյալները հաստատում են խնդրի ծանրությունը։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (15-74) քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 190,000-ի, սակայն նրանց զբաղվածության իրական պատկերը թաքնված է իրարամերժ թվերի հետևում։ Պաշտոնապես զբաղված է համարվում 27,000-40,000 մարդ, սակայն այս տվյալները հաշվի չեն առնում ոչ ֆորմալ կամ չվճարվող աշխատանքը։ Իրականում, 2020-ի տվյալներով, շուրջ 20,500 հաշմանդամություն ունեցող անձ ներգրավված է եղել ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, ինչը կազմում է աշխատանքային ռեսուրսների 10.6%-ը։ 

ՍիվիլՆեթն այս տվյալները ստացել է 2025-2031 թվականների Զբաղվածության ռազմավարական ծրագրից ու այլ աղբյուրներից։

Ըստ մեր ուսումնասիրության՝ խնդրի հիմնական կշիռը ոչ թե գործազրկությունն է, այլ տնտեսական պասիվությունը։ 2020-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց 72%-ը (139,107 մարդ) պարզապես դուրս է եղել աշխատուժից՝ չփնտրելով աշխատանք։ Այս թիվը շատ ավելի խոսուն է, քան պաշտոնապես գրանցված 7,275 գործազուրկի ցուցանիշը։ 

Խորքային վերլուծությունը ցույց է տալիս նաև այլ անհավասարություններ. կանանց զբաղվածության մակարդակը զգալիորեն ցածր է տղամարդկանցից, իսկ զբաղվածության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ մարզերի համեմատ։ Ուշագրավ է, որ նույնիսկ ամենաբարձր աշխատունակություն ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամությամբ միայն մեկ երրորդն է զբաղված։

Զբաղվածների ամենամեծ թիվը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը՝ այն ոլորտին, որտեղ գործատուներն ամենաքիչ պատրաստակամությունն են ցուցաբերում։

Այս ամենի ֆոնին պետական աջակցության ծրագրերը, ըստ էության, ձախողված են։ 2024-ին պետական ծրագրերի միջոցով մշտական աշխատանքի է տեղավորվել ընդամենը 18 մարդ։ Ավելին, ներկայում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող որևէ թիրախային զբաղվածության ծրագիր գոյություն չունի. նախկինում գործող ծրագրերը (օրինակ՝ աշխատատեղի հարմարեցման համար մինչև 500,000 դրամի տրամադրումը) դադարեցվել են՝ ներառվելով ընդհանուր ծրագրերում, որոնք հաշվի չեն առնում այս խմբի առանձնահատուկ կարիքները։

Երկու իրականություն. խոստումներ և ձախողված ծրագրեր

Ինչո՞ւ են պետական ծրագրերն այդքան անարդյունավետ։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի համոզմամբ՝ պատճառը բյուրոկրատական և իրականությունից կտրված մեխանիզմներն են։ Նա պետական զբաղվածության պորտալը նկարագրում է որպես չաշխատող համակարգ. 

«Այն ծանոթության կայքերի նման է։ Երկուսն էլ պիտի գրանցված լինեն, երկուսն էլ պիտի «սրտիկեն» միմյանց, որպեսզի իրար տեսանելի դառնան, ու պետությունն աջակցի»,- ասում է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ այս մոտեցումը իրականության հետ որևէ կապ չունի։ Գործատուները նախընտրում են մասնագետ գտնել ավելի արագ և արդյունավետ ուղիներով, քան անցնել պետական բյուրոկրատական համակարգի միջով։ 

«Փաստացի դրա համար եմ նշում, որ առանցքում կառույցն է, ոչ թե մարդը, այլ ոչ թե այն արդյունքը, որին ձգտում է պետությունը»,- եզրափակում է Հովսեփյանը։

Ռազմավարություն՝ առանց մարդու. անտեսված առաջնահերթություն

Այս ֆոնին առավել խնդրահարույց է կառավարության քաղաքականությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց դուրս թողնել զբաղվածության ոլորտի առանցքային փաստաթղթից։ ՀՀ զբաղվածության 2025-2031թթ. նոր ռազմավարությունում նրանք ընդհանրապես բացակայում են որպես թիրախային խումբ։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին պետությունը չի նախատեսում նրանց համար մշակել հատուկ և նպատակային ծրագրեր։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ առանձին ծրագրերը միավորվել են ընդհանուրի մեջ, որից այս խմբի ներկայացուցիչները «ևս կարող են օգտվել»։

Այդուհանդերձ, ինչպես նշում է Մուշեղ Հովսեփյանը, իրական պատճառն այլ է. պետությունը խնդրի լուծման հեշտ ճանապարհ է փնտրում՝ թիրախավորելով այն խմբերը, որոնց հետ աշխատելն ավելի քիչ ջանք է պահանջում։ 

«Ընտրել են էնպիսի խմբեր, որոնք թվով մեծ են և աջակցությունը համեմատաբար հեշտ է»,- պնդում է փորձագետը՝ փաստացի մատնանշելով հասարակության ամենախոցելի շերտերից մեկի նկատմամբ պետական քաղաքականության անտարբերությունը։

Ելքի որոնումներ. քվոտայից մինչև մտածողության փոփոխություն

Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են արմատական և համարձակ քայլեր։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է ներդնել զբաղվածության քվոտայի համակարգը, որը հաջողությամբ գործում է Եվրամիության անդամ 21 երկրներում։ 

«Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտայի մասին է։ 20, 25, 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունները պարտավոր են որոշակի տոկոս՝ սովորաբար 2-5 տոկոս, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը»,- բացատրում է նա։

Ըստ պատգամավորի՝ նման օրենքը ոչ միայն կապահովի զբաղվածություն, այլև կստիպի գործատուներին հարմարեցնել ենթակառուցվածքները և կնպաստի ներառական մշակույթի ձևավորմանը։ Սակայն միայն օրենքը բավարար չէ։ Ըստ Բաթոյանի՝ խնդիրը պահանջում է նաև մտածողության փոփոխություն՝ կոտրելով այն կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցող աշխատակիցը «բեռ» է։ 

Մեր զրուցակիցներն ասում են՝ անհրաժեշտ է, որ պետությունը սկսի իրական խորհրդակցություններ խնդրի կրողների հետ՝ մշակելով այնպիսի ծրագրեր, որոնք բխում են մարդու կարիքներից, այլ ոչ թե բյուրոկրատական համակարգի շահերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում