Գլխավոր Լրահոս

Առաջիկայում շոշափելի արդյունքներ կտեսնենք․ Միրզոյանը՝ հայ-չինական հարաբերությունների մասին

Առաջիկայում շոշափելի արդյունքներ կտեսնենք․ Միրզոյանը՝ հայ-չինական հարաբերությունների մասին

Պեկինում պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN)։ Հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի 28-ին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հրավերով կատարված այցի ընթացքում։

Նախարարը նշել է, որ այցը հնարավորություն է տվել ամփոփելու մինչ այս իրականացված աշխատանքը և ուրվագծելու հետագա համագործակցության ուղիները։ Ըստ նրա՝ կողմերը շոշափելի արդյունքներ են արձանագրել, մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 մլն-ով։

Նա նաև ընդգծել է, որ մեկնարկել է Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը, ինչը, իր ձևակերպմամբ, խթանել է գործարար կապերը և նպաստել ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ «Սա դեռ հարաբերությունների ամբողջ ներուժը չէ», - ընդգծել է նախարարը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև հայ-չինական հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների համընկնումը գլոբալ քաղաքական հարցերում։ Նախարարը նշել է, որ հարաբերությունների զարգացման այս փուլը կարող է նոր էջ բացել երկկողմ համագործակցության պատմության մեջ։

«Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։ 

Սա կարող է դառնալ մեր հարաբերություններում նոր էջի սկիզբ, և լիահույս եմ, որ մոտակա ամիսներին կտեսնենք շոշափելի արդյունքներ»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը՝ մասնավորապես Իրանի շուրջ զարգացումներին։ Նա հայտնել է, որ Հայաստանը, լինելով Իրանին սահմանակից պետություն, դատապարտել է Իրանի դեմ հարձակումը դեռ առաջին իսկ օրը։ «Մեր դիրքորոշումը բավականին մոտ է եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության արտահայտած մոտեցմանը», - նշել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը վարում է խաղաղության օրակարգ և որ վերջին ամիսներին, Բաքվի հետ բանակցությունների արդյունքում, համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ «Մենք պատրաստ ենք ստորագրել և վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը», - ասել է նա։

Նա հավելել է, որ Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները նաև Թուրքիայի հետ։ Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը հավատում է խաղաղությանն և գտնում է, որ Չինաստանի մոտեցումները շատ դեպքերում համընկնում են Երևանի քաղաքական տեսլականի հետ։

«Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։ 

Տնտեսական և լոգիստիկ հարցերում Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ այն համեմատելով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ։ Նրա խոսքով՝ երկու նախաձեռնություններն էլ միտված են Արևելքի և Արևմուտքի միջև կապերի խորացմանը։ «Մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին՝ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի միջոցով»,- ասել է նախարարը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր է և հետաքրքրված է կազմակերպության ներսում ակտիվ դերակատարմամբ։ Կողմերն արդեն քննարկել են Հայաստանի մասնակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ մեծացնելու մեր դերը կազմակերպությունում»,- հայտնել է նախարարը։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի առևտրի զգալի մասն այսօր կազմում են կանաչ տեխնոլոգիաները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը և ակնկալում է համագործակցություն Չինաստանի հետ այդ ուղղությամբ։

Մշակութային կապերի առումով նախարարը նշել է, որ երկու հասարակություններում էլ աճել է հետաքրքրությունը միմյանց մշակույթների նկատմամբ։ Որպես օրինակ նա ներկայացրել է Երևանում գործող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը, որի նկատմամբ, ըստ նրա, մեծ պահանջարկ կա։ Միրզոյանը նաև հիշեցրել է Չինաստանում անցկացվող «Խաչատուրյան» միջազգային մրցույթի մասին՝ որպես հայ մշակույթի ճանաչման ևս մեկ դրսևորում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում