Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 8-ի ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
«Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի՝ դրա համար ներկայացել եմ։ Մնացածը, կարծում եմ, երբ խորությամբ ծանոթանանք, այն ժամանակ առիթ կլինի զրուցել այս հարցում»,- ասաց Օհանյանը։
«Արմենպրեսի» հետ զրույցում լուրը հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նրա խոսքով՝ դատախազի կողմից կայացվել է որոշում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։
«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- ավելացրել է Ավդալյանը։
Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերագրվում է հանցավոր արարքների կատարում՝ կապված «Սևան» ազգային պարկի տարածքում պետական հողատարածքի ապօրինի զավթման, առանձնատան կառուցման, գույքի չհայտարարագրման և կաշառքի դիմաց շինարարական կազմակերպություններին առավելություններ տրամադրելու հետ։
Civilnet










