4% պետական, 2% մասնավոր․ զբաղվածության քվոտաներ հաշմանդամություն ունեցողների համար

Գևորգ Թոսունյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային քվոտաներ սահմանել։ Ըստ Բաթոյանի հեղինակած նախագծի՝ նպատակն է «նպաստելու վերջիններիս տնտեսական ակտիվությանը, կանխարգելելու կամ նվազեցնելու նրանց կախվածությունը սոցիալական աջակցությունից»։
Նախագծով առաջարկվում է 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար բարձրացնել քվոտաները։ Մասնավորապես, նախատեսվում է․
- «պետական մարմինների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի պահանջ սահմանել կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 4 տոկոսի չափով՝ 3 տոկոսի փոխարեն,
- ոչ պետական կազմակերպությունների համար՝ 2 տոկոս՝ 1 տոկոսի փոխարեն»։
Ինչպես ավելի վաղ ՍիվիլՆեթի հետ զրույցում բացատրել էր նախաձեռնության հեղինակը՝ քվոտայի ներդրումը ոչ միայն կապահովի զբաղվածություն, այլև կստիպի գործատուներին հարմարեցնել ենթակառուցվածքները՝ նպաստելով ներառական մշակույթի ձևավորմանը։
«Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը և Հայաստանը եզակի չէ, բայց մեթոդները հիմնականում այսպես իմպերատիվ պետք է լինեն, որովհետև և՛ պետական կազմակերպությունները, պետական մարմինները, և՛ մասնավոր կազմակերպությունները պետք է պարտավորություն ունենան նպաստելու այս քաղաքացիների տնտեսական ակտիվությանը»,- ասում է Բաթոյանը։
Օրենսդրական փաթեթը նաև վերանայում է քվոտան չկատարած կազմակերպությունների համար նախատեսված մասհանումների չափը, ինչպես նաև կարգավորում է քվոտայի պահանջի փոխանցումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում։
Քվոտավորման համակարգը հաջողությամբ գործում է Եվրոպական Միության անդամ 27 երկրներից 21-ում։ Օրինակ՝ Ֆրանսիայում 20-ից ավելի աշխատող ունեցող գործատուները պարտավոր են իրենց աշխատակազմի 6%-ը հատկացնել հաշմանդամություն ունեցող անձանց, Գերմանիայում՝ 5%-ը, իսկ Իսպանիայում՝ 2%-ը։
Իրավիճակը Հայաստանում
Հայաստանում հաշմանդամություն ունեցող շուրջ 140,000 աշխատունակ անձ ոչ միայն չի աշխատում, այլև դադարել է աշխատանք փնտրել՝ կորցնելով հավատը։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ աշխատանք չփնտրող հաշմանդամություն ունեցող անձանց 26.6%-ը կամ 39,100 մարդ հուսազուրկ է։ Այս ֆոնին առավել մտահոգիչ է, որ ՀՀ զբաղվածության 2025-2031թթ․ նոր ռազմավարությունում հաշմանդամություն ունեցող անձինք բացակայում են որպես թիրախային խումբ, իսկ պետական աջակցության ծրագրերով 2024-ին մշտական աշխատանքի է տեղավորվել ընդամենը 18 մարդ։
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










