Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետն ընդգծել է, որ դրան ուղղված հիմնական ջանքերն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի և 2022-ի եռակողմ համաձայնագրերում։
«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք հետևյալ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանագծում հետագա սահմանազատմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ», - ասել է Գալուզինը։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած 5 ժամանոց երկկողմ, առանց միջնորդի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։
Երևանն ու Բաքուն հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր հարցերն արդյունավետորեն հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։ Այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված երկխոսությունը։
Civilnet











