Գլխավոր Լրահոս

Պարարտ դիզօպերացիա

Պարարտ դիզօպերացիա

Կառավարությունը, երկրորդ տարին անընդմեջ, գյուղացիներին օժանդակելու հետ մեկտեղ նպաստում է երկու ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավմանը։ Ամենահամեստ հաշվարկներով՝ «էժան դիզվառելիք» օպերացիան «Ֆլեշ» ընկերությանը Դ770 մլն կապահովի, իսկ «էժան պարարտանյութը» ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորմանը» Դ1 մլրդ-ի եկամուտ կբերի։
Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը, ըստ գյուղնախարարության, աջակցելու է հողօգտագործողներին 2013թ. գարնանացանի համար մատչելի գներով ձեռք բերել ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ։

Ինչպես և 2012թ., դիզվառելիքի ներկրումը գործադիրը այս անգամ էլ վերապահել է «Ֆլեշ» ընկերությանը։ Այն պետք է ներկրի 17 մլն լ դիզելային վառելիք և գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող կազմակերպությունների միջոցով գյուղացիներին վաճառի 1 լ-ը Դ350-ով։ Սուբսիդավորման համար պետբյուջեից հատկացվելու է Դ1,789 մլրդ կամ 1 լ-ի հաշվով՝ Դ105։ Եթե նույնիսկ հիմք ընդունենք, որ «Ֆլեշի» շահութաբերությունը կազմում է ընդամենը 10%, ապա միայն կառավարության «փոխանցումով» ընկերությունը կաշխատի Դ770 մլն։

«Ֆլեշը» դիզվառելիքի շուկայում խոշոր խաղորդ է (շուկայում մասնաբաժինը՝ 47,3%), և կառավարությունը, ներկրման գործընթացը առանց մրցույթի անցկացման վերապահելով այս ընկերությանը, խաթարում է առանց այդ էլ բարձր կենտրոնացվածություն ունեցող դիզվառելիքի շուկայի (մոտ 80%-ը կենտրոնացված է «Ֆլեշի» և «Սիթի պետրոլ գրուպի» ձեռքում) մրցակցությունը։ Անհասկանալի է, թե գործադիրն ինչու ծրագրում չի ներգրավել շուկայի մյուս խոշոր խաղորդին՝ եկամուտները վերապահելով միայն «Ֆլեշին»։

Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն՝ պետբյուջեից Դ1 մլրդ կհատկացվի 27167 տ ազոտական պարարտանյութ ներկրելու և 50 կգ քաշով 1 պարկը գյուղացիներին Դ6 հազ-ով վաճառելու գործընթացի սուբսիդավորմանը։ Ըստ հաշվարկների՝ 1 կգ հաշվով կառավարությունը տրամադրում է Դ36,8։

Իրականում, մատչելի գներով ազոտական պարարտանյութ ծրագրից ամենից շատ օգտվելու է հենց ներկրող ընկերությունը։ Այս տարի, ինչպես և 2012թ., գործադիրը պարարտանյութի ներկումը վերապահել է ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ընկերությանը։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ընկերության հիմնադիրների թվում նշվում է 7 ֆիզիկական անձի անուն։ ՍիվիլՆեթի տվյալներով՝ այս ընկերությունը փոխկապակցված է «Դվին կոնցեռնի» հետ։

Ազոտական պարարտանյութի ներկրման գործընթացում ուշագրավ մեկ փաստ ևս կա։ Կառավարության որոշման համաձայն՝ 2013թ. մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար պետբյուջեից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տրամադրվելու է Դ3,26 մլրդ-ի բյուջետային վարկ՝ երեք ամիս ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001% տոկոսադրույքով։

Ստացվում է, որ գործադիրը «Բերրիություն» ընկերությանը ոչ միայն երաշխավորում է ներկրված պարարտանյութի 100% իրացում, այլև ընկերությանն ապահովում է անհրաժեշտ շրջանառու միջոցներով։

Հաշվի առնելով ներկրվելիք պարարտանյութի ծավալները և բյուջետային վարկի չափը՝ «Բերրիություն» ընկերությունը 1 կգ պարարտանյութը ձեռք է բերելու Դ120-ով, այն դեպքում, երբ շուկայական գին է ընդունվել Դ157-ը։ 1 կգ-ի հաշվով ընկերության վերադիրը Դ37 է, և կառավարության «պարարտանյութ» օպերացիայի արդյունքում «Բերրիությունը» Դ1 մլրդ-ի եկամուտ կստանա։
Ի դեպ՝ բյուջետային վարկի տոկոսների մարման համար ընկերությունը կառավարությանը երեք ամիսների համար վճարելու է ընդամենը Դ8,15 հազ.։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում