Մոսկվայի իրավարար դատարանը մարտի 18-ին ԱՊՀ Միջպետական բանկի հայցով նախնական լսումներ կանցկացնի Rhinoville Property Limited–ի՝ ԽՍՀՄ-ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրող հայաստանյան «Նաիրիտ գործարանի» սեփականատիրոջ դեմ՝ $25,1831 մլն-ի գանձման վերաբերյալ: «Առկա» գործակալության փոխանցմամբ՝ Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալությանը այս մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ հայցվորը վարկի օգտագործման համար $16,764 մլն-ի տոկոս և $8,419 մլն-ի տույժ է պահանջում:
Բանկը 2006թ. Rhinoville Property Limited ընկերությանը $70 մլն-ի վարկ էր տրամադրել։
Վնասներ՝ նույնիսկ պարապուրդում
«Նաիրիտը» նույնիսկ պարապուրդում է վնասներ կրում: 2011թ. ֆինանսական տարվա հաշվետվության համաձայն՝ անցած տարի ընկերության վնասը կազմել է մոտ Դ20,5 մլրդ, վերջին երկու տարվա արդյունքներով կուտակային վնասը հասել է Դ42,8 մլրդ-ի:
2008-2009 թթ. նույնպես բարենպաստ չեն եղել «Նաիրիտի» համար։ Այս ժամանակահատվածում գործարանի կուտակային վնասը կազմել է Դ45,8 մլրդ։ Ստացվում է, որ վերջին չորս տարվա ընթացքում (որից մոտ երկու տարի գործարանը չի աշխատել) ընկերությունը կուտակել է ավելի քան Դ90 մլրդ-ի վնաս:
Պարապուրդի մատնված «Նաիրիտը» պարտքեր է կուտակել նաև աշխատակիցներին, պետբյուջեին և գործընկերներին։ Այսպես՝ եթե 2010թ. վերջին գործարանի առևտրային և կրեդիտորական պարտքը կազմել է Դ17,6 մլրդ, ապա 2011թ. ընթացքում այն ավելացել է մոտ Դ4 մլրդ-ով: Գումարից Դ2 մլրդ-ը գոյացել է հարկային պարտավորությունների գծով, Դ1,5 մլրդ-ը՝ աշխատակիցների աշխատավարձերի գծով։
2011թ. «Նաիրիտը» Դ2,5 մլրդ-ի չափով դոլարային և դրամային միջոցներ է ներգրավել Երևանի ջէկից՝ տարեկան 12% տոկոսադրույքով:
«Նաիրիտը» չի կարողացել կատարել նաև իր նախկին պարտավորությունները «Հայինվեստբանկի» առջև՝ ներգրավված Դ1 մլրդ ընդհանուր արժեքով երկու վարկերի գծով: Դոլարային երկու այս վարկերը պետք է մարվեին 2011թ.: Բայց քանի որ գործարանը չի կարողացել կատարել պարտավորությունները, վարկերի նախկին՝ 11% և 12% տարեկան տոկոսադրույքներն աճել են մինչև 24% և 26% համապատասխանաբար։ 2011թ. վերջին բանկում վարկի բալանսային արժեքը արդեն կազմել է Դ1,9 մլրդ:
Civilnet











