Թիրախավորված է բուն Եկեղեցին․ Գարեգին Բ

«Խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ»: Այս մասին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հուլիսի 11-ին Մայր Աթոռում տեղի ունեցած Քահանայից ժողովի ժամանակ։
Քահանայից տարեկան ժողովին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Ժողովը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին, սակայն այդ օրը ուժային կառույցները Մայր Աթոռում փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ Լարված իրավիճակի պատճառով այն հետաձգվեց։
«Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն Եկեղեցին»,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ այդ ամենի մասին են վկայում վերջին տարիներին Եկեղեցու առաքելության համար տարբեր ոլորտներում հարուցված խոչընդոտներն ու արհեստական դժվարությունները:
Կաթողիկոսի խոսքով՝ Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել պետության ու ժողովրդի շահերը, չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին։
Քահանայից ժողովի մասնակիցները նաև հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտում են ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու հանդես եկած Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը, նաև անընդունելի համարում՝ կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների պարագայում անմեղության կանխավարկածի սկզբունքի միտումնավոր անտեսումը իշխանությունների կողմից։
«Այս հարձակումների հորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանավորված Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարության իրագործմանը ու ազատ արձակմանը»,- նշված է հայտարարության մեջ։
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց Եկեղեցու ու հոգևորականության դեմ գրառումներ է կատարում՝ պարբերաբար շեշտելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է գահընկեց արվի։
Հունիսի 18-ին դատարանը գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայոց եկեղեցու, հունիսի 26-ին էլ կալանավորվել են Սրբազան պայքար շարժման ղեկավար Բագրատ արք․ Գալստանյանն ու նրա համախոհները՝ ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Հունիսի 28-ին էլ կալանավորվեց Միքայել Սրբազանը՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեղադրանքով։
Civilnet










