Գլխավոր Լրահոս

Լող դեպի անորոշություն

Լող դեպի անորոշություն

Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, այս և առաջիկա երկու տարիներին «լողալու է» արժեզրկման ուղղությամբ։ Ըստ սպասումների՝ ընթացիկ տարում դրամը դոլարի նկատմամբ կարող է արժեզրկվել 5,9%-ով, 2014-2015 թթ.՝ համապատասխանաբար 5,5%-ով և 5,4%-ով։ 2012թ. դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7,8%-ով։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի 4-րդ՝ հերթական ամփոփիչ ստուգման (ԱՄՀ առաքելությունը Երևանում էր 2012թ. սեպտեմբերի 5-18-ը) զեկույցում (հրապարակվել է փետրվարի 6-ին) բավական ուշագրավ սպասումներ կան, որոնք Հայաստանի արտարժութային շուկայի համար կարող են ուղենշային լինել։

Անցած տարվա նոյեմբերի վերջին (նոյեմբերի 20-ին) վերջնական տեսքի բերված փաստաթղթում ԱՄՀ մասնագետները ներկայացրել են մինչև 2015թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, ազգային արժույթով ու դոլարով արտահայտված անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը, մակրոտնտեսական հիմնական այլ ցուցանիշներ։

2012թ. կանխատեսված դրամական անվանական ՀՆԱ-ն դոլարով փոխակերպելու համար ԱՄՀ մասնագետներն օգտագործել են Դ407,8/$1 փոխարժեքը, 2013թ. համար՝ Դ432/$1-ը, 2014թ. համար՝ Դ456/$1-ը, 2015թ. համար վերցվել է Դ480,5/$1 փոխարժեքը։
2012թ. համար ամենայն հավանականությամբ վերցվել է նոյեմբերի միջին փոխարժեքը, իսկ հետագա տարիների համար ենթադրվել, որ դրամը տարվա կտրվածքով կարժեզրկվի Դ24-ով կամ ճիշտ այնքան, որքան 2012թ. նոյեմբերը 2011թ. նոյեմբերի համեմատ։

ԱՄՀ մասնագետները կանխատեսել են նաև մինչև 2015թ. մակրոտնտեսական այլ ցուցանիշներ, մասնավորապես՝ ներկրման ծավալները և փոփոխությունները, ՀՆԱ/ներդրումներ հարաբերակցությունը, վճարահաշվարկային բացասական հաշվեկշիռն ըստ տարիների, որոնցից և մեծ մասամբ կախված են դրամի փոխարժեքի սպասումները։ ԱՄՀ-ի կողմից նշվող այս ցուցանիշները սպասումային են և ենթակա փոփոխությունների, ինչպես ավելացման, այնպես էլ նվազման ուղղությամբ։ Նման պայմաններում անխուսափելիորեն փոխելու է նաև դրամի փոխարժեքը։ Բայց պետք է հաշվի առնել, որ փոխարժեքի ձևավորման վրա, բացի մակրոտնտեսական ցուցանիշներից, ազդում են սպասումները, քաղաքացիների և ֆինանսական ինստիտուտների վարքագիծը։

Ի դեպ՝ ԱՄՀ-ի նախորդ տարիների զեկույցներում անվանական ՀՆԱ-ի ծավալի, արտահանման և ներկրման, դրամային ՀՆԱ-ն դոլարայինի վերածելու համար օգտագործված փոխարժեքները որոշակիորեն շեղվել են փաստացի արձանագրվածներից։ Այսպես՝ 2011թ. նոյեմբերին պատրաստված «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի հերթական ամփոփիչ ստուգման զեկույցում 2011թ. համար օգտագործվել է Դ382,3/$1 փոխարժեքը, որը միջին տարեկան փոխարժեքից շեղվել է Դ10-ով (2011թ. միջին փոխարժեքը Դ372,5/$1 էր)։ 2012թ. ԱՄՀ-ի կողմից վերահաշվարկման համար օգտագործված փոխարժեքը փաստացի տարեկան միջին ցուցանիշից շեղվել է մոտ Դ6-ով (2012թ. միջին փոխարժեքը կազմել էԴ401,76/$1)։

Հաշվի առնելով այս շեղումները՝ չի բացառվում, որ տարեկան միջին փոխարժեքն այս տարի կլինի Դ432/$1-ից ավելի փոքր։ Սակայն ԱՄՀ զեկույցի ամենակարևոր ազդակն այն է, որ առաջիկա տարիներին դրամը շարունակելու է սահուն արժեզրկումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում