Այթան Ֆարհադովա, OC Media
Բաքվի հետ քաղաքական լարվածության ֆոնին Ռուսաստանի վերահսկիչ մարմինները հայտնել են, որ Ադրբեջանից ներմուծված դեղձի և նեկտարինի երկու խմբաքանակներում հայտնաբերել են գյուղատնտեսական վնասատու։
Ռուսաստանի Սննդամթերքի անվտանգության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հուլիսի 10-ին հայտարարել է, որ Կրասնոդարի պահեստում Ադրբեջանից ներկրված 18 տոննա թարմ դեղձի և նեկտարինի մեջ հայտնաբերել են արևմտյան ծաղկային թրիպս՝ վնասատու, որի մասին կարգավորումներ կան ԵԱՏՄ շրջանակներում։
Ռուսաստանը քաղաքական լարվածության ժամանակ պարբերաբար առողջապահական ու սանիտարական հիմնավորումներ է օգտագործում հարևան երկրներից ներմուծումների վրա արգելք դնելու համար։ 2024-ին արգելվեց հայկական ելակի և կոնյակի ներմուծումը՝ իբր ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով։ Այսպիսի օրինակ էր նաև Վրաստանի գինիների և «Բորժոմի» հանքային ջրերի արգելքը 2006-ին՝ Սաակաշվիլիի հետ լարվածության ժամանակ, որը վերացվեց 2013-ին՝ նրա իշխանությունից հեռանալուց հետո։
Ռուսաստանը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից է։ 2024-ին Ադրբեջանը Ռուսաստան արտահանել է մոտ 1,2 մլրդ դոլարի ապրանք՝ հիմնականում միրգ, ընկույզ, պնդուկ և պլաստմաս։
Նախկինում երկու երկրները փոխադարձաբար մեղադրել են միմյանց անորակ ապրանքներ մատակարարելու մեջ։ 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ոչնչացրեց 7320 կգ ռուսական ապրանք՝ հղում անելով մակաբույծների առկայությանը։ Նույն ամսին Ռուսաստանը հրաժարվեց բաց թողնել Ադրբեջան ուղարկվող որոշ բեռներ՝ կրկին վնասատուների պատճառաբանությամբ։
2024-ի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում՝ հարաբերությունների բարելավման փուլում, նա գովեց երկկողմ տնտեսական կապերը՝ նշելով ավելի քան 4 մլրդ դոլարի տարեկան ապրանքաշրջանառությունը։ Նա նաև ընդգծեց Ռուսաստանի ներդրումների ծավալը Ադրբեջանում՝ հիշատակելով ռուսական կապիտալով գործող ավելի քան 1270 ընկերություն։
Սակայն մեկ տարի անց երկկողմ հարաբերությունները մտել են անկման փուլ և ԽՍՀՄ փլուզումից ի վեր հայտնվել ամենացածր կետում։ Լարվածության հիմնական պատճառներից են 2024-ի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանումը, որի համար Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, ինչպես նաև 2025-ի հունիսին ռուս ոստիկանների կողմից ադրբեջանցի եղբայրների սպանությունը՝ ենթադրյալ «հատուկ գործողության» ժամանակ։
Չնայած այդ դեպքերին, 2025-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց Ռուսաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համաձայնագիրը՝ տնտեսական համագործակցության խորացման նպատակով։
Թեև այդ համաձայնագրի մանրամասները հայտնի չեն թե՛ պետական ու կառավարամետ, թե՛ անկախ լրատվամիջոցներին, նպատակը բեռնափոխադրումների արդյունավետությունն ավելացումն ու ընդհանուր առմամբ զարգացումն է։
Civilnet











