Գլխավոր Լրահոս

Ավելի քան 4,300 անչափահաս աշխատաշուկայում․ իրավունք և խախտումներ

Ավելի քան 4,300 անչափահաս աշխատաշուկայում․ իրավունք և խախտումներ

Ժաննա Ավագյան

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Այդ իրավունքն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում, այնպես էլ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում։ 

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Հայաստանում գրանցված է 4,335 աշխատող անչափահաս։ Սակայն ոլորտի մասնագետները նշում են, որ այս թիվը ամբողջական պատկեր չի տալիս։ Շատ երեխաներ ներգրավված են տնային կամ գյուղատնտեսական աշխատանքներում՝ առանց որևէ գրանցման։ Մասնագետները խոսում են նաև ստվերային աշխատանքի ու երեխաների շահագործման բազմաթիվ դեպքերի մասին։

Անչափահասների աշխատանքի ժամերը

Հայաստանի օրենսդրությամբ մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքի ժամաքանակը խիստ սահմանափակված է։ Օրենքը պահանջում է, որ աշխատանքը չխանգարի կրթությանը և իրականացվի դպրոցական ժամերից դուրս։

Սահմանված աշխատաժամերն են՝

  • Մինչև 7 տարեկաններ՝ շաբաթական մինչև 4 ժամ, օրական՝ 2 ժամ,
  • 7–12 տարեկաններ՝ շաբաթական մինչև 6 ժամ,
  • 12–15 տարեկաններ՝ մինչև 12 ժամ,
  • 15–16 տարեկաններ՝ մինչև 24 ժամ,
  • 16–18 տարեկաններ՝ շաբաթական առավելագույնը 36 ժամ։

Անձինք, որոնք ներգրավված են մասնագիտական ուսուցման ծրագրերում, կարող են աշխատել նաև մինչև շաբաթական 20 ժամ։ Բայց այստեղ ևս կա պարտադիր պայման՝ աշխատանքը չպետք է իրականացվի գիշերային ժամերին կամ ծանր ֆիզիկական պայմաններում։

Գիշերային աշխատանքը արգելված է մինչև 18 տարեկանների համար՝ բացառությամբ հատուկ ուսումնական ծրագրերի շրջանակում նախատեսված դեպքերի։ Նման դեպքերում պահանջվում է բժշկական եզրակացություն, աշխատավայրում չափահասի հսկողություն և անվտանգության երաշխիքներ։

Որտե՞ղ չի կարող աշխատել անչափահասը

Աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածը հստակ սահմանում է այն ոլորտները, որտեղ անչափահասներին ներգրավելն արգելվում է։ Դրանցից են՝

  • Ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, ծխախոտի և փոխարինիչների արտադրություն, վաճառք, գովազդ,
  • Պոռնկագրական, սարսափ կամ էրոտիկ բովանդակությամբ նյութերի պատրաստում կամ տարածում,
  • Մոլախաղերի կազմակերպում կամ դրանց գովազդ,
  • Ծանր, վնասակար կամ վտանգավոր աշխատանքներ, բարձրության վրա գործողություններ, ծայրահեղ ջերմաստիճանների պայմաններ։

Այս արգելքը գործում է անկախ նրանից՝ պայմանագիր կա, թե ոչ և անկախ երեխայի կամ ծնողի համաձայնությունից։ 16-ից բարձր տարիք ունեցող երեխաները կարող են ներգրավվել որոշ բացառված ոլորտներում՝ միայն մասնագիտական ուսուցման ծրագրերի շրջանակում և ապահովված անվտանգության պայմաններում։

Աշխատանքային իրավունքի խախտումներ

Հայաստանում ինչպես բոլոր տարիքային խմբերի, անչափահասների դեպքում էլ աշխատանքային իրավունքի խախտումները հազվադեպ չեն։ Ամենատարածվածը աշխատանքային պայմանագրի բացակայությունն է։ Սա հատկապես տարածված է մասնավոր ոլորտում՝ խանութներում, սրճարաններում, լվացման կետերում, արհեստանոցներում։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը նշում է. «Երբ գործատուն չի ցանկանում պաշտոնապես գրանցել երեխային որպես աշխատող, նա պարզապես ասում է՝ «այսօր հանգստացի», եթե գիտի, որ ստուգում է լինելու։ Այդպես խուսափում են պատասխանատվությունից»։

Առանց պայմանագրի աշխատող երեխան զրկվում է արձակուրդի իրավունքից, աշխատաժամանակի վերահսկումից և սոցիալական պաշտպանության բոլոր տարրերից։ Ավելին՝ նրա աշխատանքային փորձը հետագայում չի ճանաչվում և չի կարող ներկայացվել որպես աշխատանքային ստաժ։

Պայմանագրի բացակայությունից բացի, ոլորտում տարածված են ժամային սահմանափակումների խախտումներ։ Որոշ երեխաներ աշխատում են օրական 6-8 ժամ, հաճախ նաև գիշերային ժամերին՝ ընդհանրապես առանց արձակուրդի։

Թումասյանն ասում է՝ 16 տարեկանից բարձր անչափահասի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը պետք է լինի 36 ժամ։ Բայց մենք տեսնում ենք՝ իրականում նրանք կարող են աշխատել նույնիսկ 50 ժամ, եթե դա հարկադրանք չէ՝ գոնե բացահայտ շահագործում է։

Հաճախ նաև խախտվում է աշխատանքի բնույթի վերաբերյալ սահմանափակումը։ Երեխաներին ներգրավում են մետաղների տեղափոխման, բարձրության վրա աշխատելու, ծանր առարկաների բեռնաթափման կամ ցրտի, շոգի պայմաններում աշխատանքի մեջ։ Դրանք օրենքով հստակ արգելված են։

Աշխատա՞նք, թե՞ շահագործում

Փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ շատ հաճախ առանձին գյուղական համայնքներում սեզոնային աշխատանքի ժամանակ երեխաները զանգվածաբար չեն հաճախում դպրոց, քանի որ ներգրավված են բերքահավաքում։ Դա արդեն աշխատանք է, բայց ոչ միշտ է ճանաչվում որպես այդպիսին։

Խախտումների ամենածանր դրսևորումը, սակայն, անչափահասների շահագործումն է։ Այս դեպքերում երեխաները կարող են մուրալ, ապրանքներ վաճառել կամ աշխատել փողոցում՝ մեծահասակի վերահսկողությամբ։

Թումասյանը վկայում է իրական դեպքի մասին՝ երբ խորթ հայրն ամեն առավոտ բերում էր երեխային Երևան՝ փողոցում մուրացկանություն անելու, իսկ երեկոյան գալիս էր ու վերցնում էր գումարը։ Մայրը չգիտեր։ Դեպքը բացահայտվեց, և անձը ենթարկվեց քրեական պատասխանատվության։ Անկախ նպատակից՝ եթե գումարը ստանում է մեծահասակը, դա կարող է դիտվել որպես շահագործում։

Թումասյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին նման դեպքերում տեսանկարահանում կատարել, բայց այն չտարածել սոցիալական ցանցերում, այլ փոխանցել իրավապահ մարմիններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում