Սարյան և հարակից փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Սարյան և հարակից մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման էական փոփոխություններ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների իրականացման մասով նախագծվել է երթևեկության ռազմակերպման նոր սխեմաներ», - ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ նախատեսվում է Սարյան փողոցը դարձնել միակողմ երթևեկելի՝ Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտայի ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Մոսկովյան փողոցի որոշ հատված։
Նախագծով նախատեսվում է, որ փողոցի երկու կողմերում կշարունակվի տրանսպորտային միջոցների մայթեզրին զուգահեռ կայանումը, և այդ փոփոխությունը բացասաբար չի անդրադառնա տնտեսվարողների վրա։
«Ամիրյան, Պուշկին, Թումանյան փողոցներից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ ձախ՝ նույն ուղղությամբ»,- նշել է նա։
Հարությունյանը նաև ընդգծել է, որ Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ շրջադարձը դեպի Մոսկովյան՝ Սարյան փողոցի ուղղությամբ։ Սարյանից դեպի Բաղրամյան և Մոսկովյան կազմակերպվելու է երթևեկություն չորս երթևեկելի գոտիների միջոցով՝ ըստ ուղղությունների։
Նա հավելել է, որ Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածում տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել առաջին գոտուց դեպի Բաղրամյան, իսկ երկրորդ գոտուց՝ Սայաթ-Նովայի ուղղությամբ։
Նպատակն է՝ բարձրացնել անվտանգությունն ու անընդհատ երթևեկությունն
«Այս փոփոխությունների նպատակն է ապահովել Սարյան և Մոսկովյան փողոցներում լուսացույցերով չկարգավորվող խաչմերուկներում երթևեկության անվտանգության բարձրացումը և տրանսպորտային հոսքերի անընդհատության պահպանումը», - ասել է Հարությունյանը։ Նրա գնահատմամբ, միակողմ երթևեկություն սահմանելով՝ հնարավոր կլինի ավելացնել առնվազն մեկ լրացուցիչ երթևեկելի գոտի։
«Այս պահին երկու գոտի ունենք, բայց մայթեզրին կայանման հնարավորության պատճառով իրականում գործում է միայն մեկը։ Շատ հաճախ երկրորդ գոտին արգելափակվում է կանգառ կատարող մեքենաների պատճառով», - հավելել է նա՝ նշելով, որ փոփոխությունները հնարավորություն կտան վերականգնել երկրորդ գոտու լիարժեք օգտագործումը։
Հարությունյանը նաև մանրամասնել է, որ Սարյան փողոցի երթևեկության հակառակ ուղղությունը դիտարկվել է Մաշտոցի պողոտայով, ինչի պատճառով էլ արգելվել են որոշ ձախ շրջադարձեր՝ այդ պողոտայում ապահովելու ուղիղ երթևեկության անխափանությունը։
Նրա խոսքով, նախագծի իրականացման նպատակով նախատեսվում է վերանայել Մաշտոցի պողոտայի լուսացույցային ռեժիմները, ինչպես նաև ավարտին հասցնել ՆԳՆ հետ խորհրդակցությունները, որից հետո միայն կդիտարկվի աշխատանքների մեկնարկը։
Թեմա
Civilnet










