Լարի Լուքսներ, blogs.timesofisrael.com
Իսրայելական Times of Israel կայքի բլոգների բաժնում լույս է տեսել ամերիկացի լրագրող Լարի Լուքսների հոդվածը, որը նվիրված է Երուսաղեմի հրապարակներից մեկի՝ հայ լուսանկարչի պատվին անվանակոչմանն ու հայ-իսրայելական հարաբերություններին։ Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև։
Հուլիսի 7-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանություն վերապրած ազգի մայրաքաղաքը հարգեց մեկ այլ՝ Առաջին համաշխարհայինի ընթացքում ցեղասպանության ենթարկված ժողովրդի զոհերի հիշատակը։
Երուսաղեմի քաղաքապետարանը Դամասկոսի դարպասի հարևանությամբ գտնվող փոքր հրապարակն անվանակոչեց լուսանկարիչ Էլիա Քահվեջյանի պատվին՝ մի հայի, որի ամբողջ ընտանիքն սպանվել էր Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915թ․ ցեղասպանության ժամանակ։
Երուսաղեմն այսպիսով դարձավ Իսրայելի երրորդ և ամենախոշոր քաղաքը (Հայֆայից և Թել Ավիվի արվարձան Պետահ Տիկվայից հետո), որը հանրային տարածք է նվիրել մեկուկես միլիոն հայերի կոտորածի հիշատակին։
Սա նշանակալի իրողություն է, քանի որ Իսրայելի պետությունը, ի տարբերություն Միացյալ Նահանգների և բազմաթիվ այլ երկրների, մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած հրեա և հայ ժողովուրդների ընդհանուր ողբերգական անցյալին։
Քահվեջյանի ընտանիքը ավելի քան յոթ տարի շարունակ պայքարել է այս պահին հասնելու համար, և վերջապես քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը։
«Նրանք օգտագործել են shoah armenit («հայոց աղետ») ձևակերպումը, որն Իսրայելում հիմնականում օգտագործվում է Հոլոքոստի համատեքստում։ Դա չափազանց հզոր արտահայտություն է», - մեզ հետ զրույցում նշեց Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։
2025-ի ապրիլի 24-ին առաջին անգամ հրեական Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը համընկել էին։ Գազայի պատերազմով պայմանավորված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շրջանում ավելի քան երբևէ թշնամաբար է տրամադրված Իսրայելի նկատմամբ, ինչը գուցե Նեթանյահուի կառավարությանը ստիպել է ավելի քիչ զգուշավորություն ցուցաբերել Թուրքիայի դժգոհությունը հարուցելու հարցում։
«Գուցե սա Թուրքիային ուղղված պատասխան քայլ է։ Այս պահին թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրաստիճան լարված են, - ասում է Մարինա Կոզլիները՝ իսրայելահայ, որը երկար տարիներ ներկայացրել է համայնքի ձայնը։ - Միևնույն ժամանակ, Երուսաղեմում, հատկապես հայկական թաղամասում, ուղղափառ հրեաների կողմից քրիստոնյաների դեմ գործողությունների ավելի շատ դեպքեր են գրանցվում, այնպես որ, գուցե սա նաև մի փորձ է՝ ցույց տալու, որ Իսրայելը հակահայ չէ»։

Երեք համայնք՝ մեկ ընդհանուր ժառանգություն
50-ամյա Կոզլիները ծնվել է Երևանում, 1995-ից ապրում է Իսրայելում։ Նա ինժեներ է, աշխատում է «Ինթել»-ում, բնակվում է Բաթ Յամ քաղաքում։ Նրա հայրը հրեա է, մայրը՝ հայ։ Այսօր Իսրայելում ապրում է մոտ 10,000 հայ՝ բաժանված երեք հիմնական խմբերի։
Առաջինը՝ շուրջ 5,000 հոգի, 1915թ․ ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են, ինչպես Քահվեջյանը, որոնք այստեղ են հասել ավելի քան 100 տարի առաջ՝ հիմնականում Լիբանանի կամ Սիրիայի տարածքով։ Նրանք բոլորը քրիստոնյաներ են և հիմնականում ապրում են Հայֆայում, Նազարեթում և Յաֆֆայում։
Երկրորդ խումբը՝ մոտ 2,000 հոգի, Երուսաղեմի հայկական թաղամասի քրիստոնյաներն են, որոնց ներկայությունը Հին քաղաքում հազարամյակների պատմություն ունի։
Երրորդ խումբը՝ մոտ 2,000-3,000 հոգի, Կոզլիների պես մարդիկ են՝ հիմնականում խառը հայ-հրեական ընտանիքներից սերող, որոնք տեղափոխվել են այստեղ Խորհրդային Միության փլուզումից հետո։
Քահվեջյանի պատմությունը հատկապես ցավալի է։ Նա ծնվել է Ուրֆայում, վերապրել 1915-ի իրադարձությունները և հինգ տարեկանում հայտնվել Նազարեթի որբանոցում։ 14 տարեկանում սկսել է աշխատել որպես լուսանկարիչ, հետո գնել է Երուսաղեմի «Հանանիա» ստուդիան և վերանվանել «Էլիա ֆոտո սերվիս»։ Նա ծառայել է որպես ռազմական լուսանկարիչ բրիտանական բանակում՝ 1948թ․ Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ և տասնամյակներ շարունակ փաստագրել է քաղաքի հասարակական և մշակութային կյանքը։
Այսօր նրա ժառանգները շարունակում են աշխատեցնել նույն լուսանկարչատունը Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում, ինչպես նաև պահպանում են նրա թանգարանն ու արխիվը։
Հաջորդ նպատակը՝ Իսրայելի դեսպանություն Երևանում
2023-ի մարտին Ադրբեջանը դեսպանություն բացեց Թել Ավիվում՝ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները գոյություն ունեին ավելի քան 30 տարի։ Իսրայելը վաղուց ունի դեսպանություն Բաքվում, և երկրի հրեական համայնքը նավթով հարուստ երկրում ծաղկում է։ Իսկ Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են մնալ սառեցված։
«Իմ երազանքն է բարելավել հրեա և հայ ժողովուրդների հարաբերությունները, - ասում է Կոզլիները։ - Կարծում եմ՝ հայերը շատ բան ունեն սովորելու հրեաներից։ Մեր երկու ժողովուրդներն էլ սարսափելի անցյալ ունեն, բայց, ցավոք, Հայոց ցեղասպանությունը մոռացվել է»։

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը փորձում են վերջնականապես լուծել տարիներով շարունակվող հակամարտությունը, դեսպան Հակոբյանը, որն ազատ տիրապետում է եբրայերենին, հայ-իսրայելական հարաբերություններում խորքային բարելավման հույս ունի։ Նա նաև ակնկալում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում՝ առանց նախապայմանների։
«Մենք սպասում ենք Իսրայելի դեսպանության բացմանը Հայաստանում, որովհետև առանց դրա լուրջ առաջընթաց ակնկալելն իրատեսական չէ։ Իսրայելը վերջերս դեսպանություններ է բացել Մոլդովայում և Էստոնիայում։ Հուսով եմ՝ Հայաստանը կլինի հաջորդը, - ասում է դեսպանը և հավելում։ - Մենք լավ հասկանում ենք՝ ինչ է կատարվում Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում, և դա ուրախալի չէ մեզ համար։ Ադրբեջանը հայտարարում է, որ պատերազմում հաղթել է իսրայելական ռազմական օգնության շնորհիվ, Իսրայելը միակ երկիրն էր, որը հենց պատերազմի ժամանակ շարունակում էր զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Բայց մենք պատրաստ ենք շրջել այդ էջը։ Մենք դեռ հավատում ենք, որ կարելի է առաջ շարժվել»։
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ադամյանի
Civilnet











