Գլխավոր Լրահոս

Վրաստանի ԱԳՆ-ն ազատել է Ատլանտյան ինտեգրման վարչության ամբողջ կազմը

Վրաստանի ԱԳՆ-ն ազատել է Ատլանտյան ինտեգրման վարչության ամբողջ կազմը

Միխեիլ Գվադզաբիա, OC Media

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ազատել է Ատլանտյան ինտեգրման վարչության ամբողջ աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է վարչության նախկին ղեկավար Թոռնիկե Փարուլավան՝ նշելով, որ ինքն էլ է ազատվել աշխատանքից։

Փարուլավայի խոսքով՝ իրեն աշխատանքից հեռացրել են առանց որևէ բացատրության՝ 24 տարվա դիվանագիտական ծառայությունից հետո։ Նա նշել է, որ փոխանցման կամ գործերի հանձնման որևէ գործընթաց չի կազմակերպվել․ «Ոչ ոք չհարցրեց՝ արդյոք որևէ բան կա, որ պետք է ավարտել։ Ամբողջ վարչությունը ազատվել է՝ առանց որևէ քննարկման»։

Մայիսին նախարարությունը հայտարարել էր «վերակազմավորման» գործընթացի մասին, որը ներկայացվել էր որպես «բարեփոխում»։ Սա համընկել էր պետական համակարգում զանգվածային ազատումների ալիքի հետ։ Շատ աշխատակիցներ պնդում էին, որ իրենց հեռացնում են քաղաքական նկատառումներով՝ ԵՄ-ից հեռանալու որոշմանը դեմ հանդես գալու պատճառով։

Այդ ժամանակ նախարար Մակա Բոչորիշվիլին հերքեց, թե գործընթացը նպատակ ունի ազատել աշխատակիցներին։ Սակայն մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ Փարուլավան, այնուամենայնիվ հեռացվեցին։ Նրա խոսքով՝ այս գործընթացը վտանգում է «ինստիտուցիոնալ հիշողության շարունակականությունը», և ցույց է տալիս, որ «կառավարությունը ոչ մի հետաքրքրություն չունի եվրաատլանտյան ինտեգրման հանդեպ»։

Փարուլավայի պնդմամբ՝ այն ստորաբաժանումները, որոնք համակարգում էին գերատեսչական բարեփոխումների գործընթացները և ներկայացնում դրանք Բրյուսելին, պարզապես լուծարվել են։

Վարչության այլ աշխատակիցներ ևս հայտնել են իրենց աշխատանքից ազատման մասին։ Նրանք՝ ինչպես Փարուլավան, նախկինում ստորագրել էին նախարարության աշխատակիցների կազմած հանրագրերը, որոնք քննադատում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ անդամակցության գործընթացը կասեցնելու որոշումը։

Նախարարության մեկ այլ աշխատակից՝ Գիորգի Ցիկարիշվիլին, նշել է․ «Չեմ կասկածում, որ այսպես կոչված վերակազմավորումը նպատակ ունի ազատվել ոչ ցանկալի և անվստահելի կադրերից»։

Նախարարության մամուլի գրասենյակը OC Media-ին ուղղված գրավոր մեկնաբանության մեջ չի անդրադարձել կոնկրետ դեպքերին։ Փոխարենը նշել է, որ նոր կառուցվածքի համաձայն՝ Եվրաատլանտյան ինտեգրման վարչությունը միավորվել է Անվտանգության քաղաքականության վարչության հետ՝ ձևավորելով Եվրաատլանտյան ինտեգրման և անվտանգության քաղաքականության վարչություն։ Բացի այդ, այդ վարչությունն այժմ գտնվում է նորաստեղծ՝ Քաղաքական տնօրինության ենթակայության տակ։

Ըստ նախարարության՝ վերակազմավորման մեկնարկից հետո բոլոր պաշտոնների համար հայտարարվել է բաց մրցույթ, սակայն որոշ աշխատակիցներ հրաժարվել են մասնակցել։ Նրանց թվում է եղել Քեթի Փրուիդզեն, ով հայտնել է, որ սկզբիցևեթ հասկանալի էր՝ գործընթացը իրականում պատժիչ բնույթ ունի։

Մեկ այլ հեռացված աշխատակից՝ Շալվա Ցիսկարիշվիլին, որը նախարարությունում ղեկավարում էր Միջազգային կազմակերպությունների վարչությունը և ուներ 28 տարվա դիվանագիտական փորձ, նույնպես հրաժարվել է մասնակցել մրցույթին։ Նա նշել է, որ գործընթացը հանգեցնելու է դիվանագիտական ծառայության քաղաքականացման։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի ապրիլյան զեկույցի համաձայն՝ 2024-ի դեկտեմբերից սկսած մոտ 700 պետական ծառայողներ աշխատանքից ազատվել են քաղաքական շարժառիթներով։

Իշխող «Վրացական երազանքը» ընդունել է օրենք, որը հեշտացնում է պետական մարմիններում վերակազմավորման գործընթացները։ Կուսակցության ղեկավարները հրապարակայնորեն քննադատել են հանրագրերը ստորագրած աշխատակիցներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում