Գլխավոր Լրահոս

ԵՄ-ի ներդրումները Հայաստանում հասցնել 2.5 մլրդ եվրոյի. Փաշինյան-Կոշտա-Ֆոն դեր Լայեն հանդիպման արդյունքները

ԵՄ-ի ներդրումները Հայաստանում հասցնել 2.5 մլրդ եվրոյի. Փաշինյան-Կոշտա-Ֆոն դեր Լայեն հանդիպման արդյունքները

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաև գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 մլրդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

2024 թվականի ապրիլին հայտարարված 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 մլն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 մլն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին:

Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը և հաշտեցմանը: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը նաև նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաև ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարևորությունը։

Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։

Անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ գտավ քննարկումներում: Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:

Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 մլն եվրոյի նոր փաթեթի մասին։

ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Վերջում առաջնորդները եզրակացրին, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում և կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում