Կոնգրեսում քննարկվում էին մեխանիզմներ՝ Բաքվին մղելու կառուցողական բանակցությունների. հարցազրույց

Արշալույս Մղդեսյան
Գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) Վարշավայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Բեդնարչիկը (Philip Bednarczyk) ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում խոսում է անդրատլանտյան անվտանգության ապագայի, ԱՄՆ-ի ներգրավվածության և հայ-ադրբեջանական բանակցություններում ԱՄՆ-ի միջնորդական հնարավորության մասին։ Մինչև Գերմանական Մարշալ հիմնադրամին միանալը Բեդնարչիկը խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ Կոնգրեսում՝ Եվրոպայի հարցերով, աշխատել է նաև ԵՄ-ում և Մոսկվայում՝ ամերիկյան ՀԿ-ում։ Զրույցը տեղի է ունեցել Վարշավայում հուլիսի 10-ին։
ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Պարոն Բեդնարչիկ, ձեր կարծիքով ինչպե՞ս է փոխվում անդրատլանտյան անվտանգության ճարտարապետությունն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ և հայտարարեց, որ Վաշինգտոնը այլևս Եվրոպայի անվտանգության երաշխավորը չէ։
- Իմ կարծիքով, Թրամփը և նրա վարչակազմը փորձում են վերափոխել, ինչ-որ չափով ցնցել և վերակողմնորոշել Ամերիկայի դիրքերն աշխարհում։ Ես խորհուրդ չէի տա ամեն ինչ ընկալել բառացի, օրինակ՝ երբ նա ասում է, որ ԱՄՆ-ն այլևս Եվրոպայի անվտանգության երաշխավորը չէ։ Այդ միտքն այժմ քննարկվում է, սակայն ԱՄՆ-ն դեռ այստեղ է։ Անվտանգության, տնտեսական և քաղաքական այնպիսի խորքային ճարտարապետություն կա, որը պահպանում է ԱՄՆ ներկայությունը Եվրոպայում։
Այդուհանդերձ, ԱՄՆ-ի ներսում տեղի ունեցող քաղաքական միտումները, որոնք արտացոլվում են Թրամփի վարչակազմի քաղաքականությունում, հանգեցնում են այդ դերի վերանայման, և դա կատարվում է հենց հիմա՝ իրական ժամանակում։ Փոփոխություններ են տեղի ունենում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ կամ առանց դրա, լինի Ուկրաինայի պատերազմը, թե Եվրոպայի այլ հատվածներում զարգացող իրադարձությունները։
- Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն USA Today-ում հրապարակած հոդվածում նշում էր, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը սպառել է Եվրոպայի զինամթերքի մեծ մասը։ Նա անդրադառնում էր ՆԱՏՕ-ի ծրագրին՝ մինչև 2030-ն անդամ պետությունների պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի` ընդգծելով, որ միայն ԱՄՆ-ն է կարող ամբողջությամբ բավարարել Եվրոպայի պաշտպանական կարիքները։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճով ամերիկյան ընկերություններն ի վիճակի կլինեն ավելի շատ զենք վաճառել, և Եվրոպան ավելի կախված կդառնա ԱՄՆ-ից անվտանգության հարցերում:
- Ոչ, ես այդպես չէի ասի։ Կարծում եմ, եթե Եվրոպան ավելի լուրջ վերաբերվի սեփական պաշտպանությանը՝ ռազմավարական և փուլային մոտեցմամբ, ԱՄՆ-ի աջակցությամբ, դա լավ է հենց Եվրոպայի համար։ Եվ դա նաև նպաստում է ԱՄՆ-ի անվտանգությանը, քանի որ մենք հուսով ենք՝ Եվրոպայի հետ միասին կկարողանանք դիմակայել գլոբալ մարտահրավերներին։
Ես կասեի, որ ԱՄՆ-ի հանկարծակի հեռացումը Եվրոպայից ցանկալի չէ, այնպես ինչպես Եվրոպայի պաշտպանության ոլորտում կտրուկ և արագ աճը գրեթե անհնար է։ Խոսքը միտումների մասին է, որոնք Թրամփի վարչակազմը փորձում է խթանել։ Ես կարծում եմ, որ դրանք օգտակար են Եվրոպայի համար։ Եթե նպատակն է պարզապես ամերիկյան զենքի վաճառքի ավելացումը՝ դա շատ փոքր բաղադրիչ է ընդհանուր պատկերի մեջ և հաստատ որոշիչ չէ։
Ավելին՝ ԱՄՆ զինված ուժերի բնույթը, ինչպես նաև պատերազմի բնույթը փոխվում են։ Այդ մոտիվացիան արդեն այնքան հստակ չէ, որքան հնարավոր էր ենթադրել նախկինում։ Մենք դա տեսանք Ուկրաինային աջակցության քննարկումներում. չնայած որոշակի աջակցություն ուղղվում էր ամերիկյան զինամթերքի համալրմանը, սակայն դա չէր այն հիմնական փաստարկը, որն ապահովեց աջակցություն Կիևին։
- Այժմ լայնորեն քննարկվում է, թե ինչ կարող է անել Ռուսաստանը պատերազմից հետո։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են իրատեսական այն մտավախությունները, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Ռուսաստանն ունի՞ նման կարողություն։
- Այո, ես կարծում եմ՝ Ռուսաստանն ունի նման ներուժ։ Բայց ոչինչ կանխորոշված չէ։ Չի կարելի ասել, թե դա անխուսափելի է։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու է կարևոր Ուկրաինայում պատերազմի ելքը: Խաղաղության տեսքը, Ուկրաինայի հաղթանակի ընկալումը՝ թե՛ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գուցե ավելի շատ՝ Կրեմլի կողմից, կարևոր նշանակություն ունեն։
Դրանք կարող են ծառայել որպես ազդակ կամ խոչընդոտ՝ Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա հարձակվելու հարցում։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև միջանկյալ սցենարները։ Պարտադիր չէ, որ լինի բացահայտ ռազմական ներխուժում, կարող է լինել «գորշ գոտիների» ստեղծում, հիբրիդային հարձակումներ՝ այնպիսի ձեւաչափով, որն ավելի դժվար է սահմանել ու արձագանքել՝ առանց ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի գործադրման։
Դրանք կարող են նպաստել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներսում տարանջատումների, ինչպես նաև Եվրոպայից ԱՄՆ-ի ուշադրության շեղմանը։ Դրա հավանականությունն ինձ անհանգստացնում է ոչ պակաս, քան ՆԱՏՕ-ի տարածքի նկատմամբ լայնածավալ ռազմական հարձակման սպառնալիքը։
ԱՄՆ-Ն ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
- Վերադառնալով Հարավային Կովկաս՝ որքանո՞վ է այդ տարածաշրջանը կարևոր ԱՄՆ-ի համար Թրամփի վարչակազմի օրոք։
- Այդ տարածաշրջանը եղել և շարունակում է մնալ կարևոր՝ թե՛ պատմական, թե՛ ռազմավարական պատճառներով։ Երկկուսակցական աջակցություն է եղել թե՛ Դեմոկրատական, և թե՛ Հանրապետական վարչակազմերի կողմից։ Եվ այդ ուշադրությունը շարունակվում է նաև Թրամփի օրոք։ Կոնգրեսում իմ նախորդ աշխատանքի փորձով կարող եմ ասել, որ շատ ակտիվ, կազմակերպված և հարգված հայկական սփյուռք կա, որն արդյունավետ ներկայացնում է իր շահերը թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում։
Այսպիսով, նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշակիորեն կենտրոնանում է ներքին հարցերի վրա կամ վերադասավորում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ այս տարածաշրջանը շարունակում է ունենալ ինչպես պատմական, այնպես էլ ռազմավարական և քաղաքական նշանակություն։
- Կարելի՞ է ակնկալել, որ Թրամփի վարչակազմը նույնքան ներգրավված կլինի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, որքան Բայդենի վարչակազմը։
- Դուք հարցնում եք ներգրավվածության չափի, ոչ թե որակի մասին։ Այսինքն՝ որքանով կամ ինչ ձևաչափով է լինելու ուշադրությունը…
- Որպես միջնորդ։
- Այդ տեսակետը տարածված է Վաշինգտոնում, որ սա հնարավորություն է ԱՄՆ-ի համար՝ տարածաշրջանում և իր համար իրական արդյունքի հասնելու տեսանկյունից։ Սա կարող է միջնաժամկետ հատվածում մեծ օգուտներ բերել բոլոր կողմերին։ Բանն այն է, որ ճիշտ պահին պետք է գործել։
Ռուբիոն ասել էր, որ խաղաղության համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել, այսինքն՝ հենց հիմա է ԱՄՆ-ի ներգրավվածության ժամանակը։ Բայց ես չեմ կարծում, որ առաջիկա տարիներին կտեսնենք կայուն և մշտական ներգրավվածություն, այնպես որ, շատ կարևոր է ճիշտ ժամանակին գործել։
- Իսկ գործնականում ի՞նչ գործիքներ ունի ԱՄՆ-ն, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում:
- Ցավոք, որոշ գործիքներ, որոնք նախկինում կիրառվում էին տարածաշրջանում՝ Պետքարտուղարության և USAID-ի միջոցով, այժմ կրճատվում են։ Սակայն ԱՄՆ-ն դեռ բավական լայն գործիքակազմ ունի՝ տնտեսական խթաններ, ռազմավարական ներդրումներ, դիվանագիտական ճնշումներ։ Սպիտակ տան և Կոնգրեսի հեղինակությունը կարող է իրական ազդեցություն ունենալ։
Կոնգրեսում քննարկվում էին նաև որոշ մեխանիզմներ՝ Բաքվին կառուցողական բանակցությունների մղելու ուղղությամբ։
Դրանք միայն մի մասն են այն գործիքներից, որոնք կարող են դիտարկվել, եթե վարչակազմը կենտրոնանա տարածաշրջանի վրա։ Մեծ սխալ կլինի դադարեցնել ներգրավվածությունը կամ աջակցել անկայուն գործարքին։ Դա կհարվածի ԱՄՆ-ի հեղինակությանը տարածաշրջանում, որը արդեն իսկ կասկածների առիթ է տալիս։
- Հայաստանում մտահոգություն կա, որ, եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի, Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել։ Ի՞նչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ նման զարգացումից խուսափելու համար։ Դիտարկվո՞ւմ է արդյոք Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
- Ես ուրախ կլինեմ այդ մասին հավելյալ տեղեկություն տրամադրել հետո, բայց հիմա էլ կան ակտիվ քննարկումներ՝ ոչ միայն հնարավոր անհատական պատժամիջոցների և դրանց սպառնալիքի, այլև որոշակի տեսակի օգնության դադարեցման հարցերի շուրջ։
Սա շարունակական և լուրջ քննարկման թեմա է եղել Բայդենի վարչակազմի ժամանակ, և ինձ հայտնի է՝ ներկայում այն մնում է օրակարգում։ Բաքուն պետք է դա լրջորեն ընկալի, հատկապես, եթե հաշվի առնենք Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների սրվող բնույթը։
Civilnet










