23 տոննա մազութով բեռնատարն ընկել է Ողջի գետը․ արտահոսք է եղել

Հուլիսի 16-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, 23 տոննա մազութով բեռնված կցորդիչով բեռնատարն ընկել է Ողջի գետը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք։ Փրկարարներին հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։ Նմուշները կուղարկվեն լաբորատոր վերլուծության՝ աղտոտվածության աստիճանն ու տարածման չափերը պարզելու համար։ Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։
Դեպքի առնչությամբ իրականացվում են նաև վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները և ապահովելու շրջակա բնակավայրերի էկոլոգիական անվտանգությունը։
***
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ նախնական տվյալներով մազութի արտահոսքից Ողջի գետը չի աղտոտվել:
«Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։
Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ»,- նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Թեմա
Civilnet










