Հայաստանի համար ռուսական 1000 խմ գազը թանկացել է $52-ով. անցած տարի գազի գինը կազմել է $232։ Ռուսաստանը վերանայել է նաև Հայաստանի մատակարարվող գազի գնագոյացման մեխանիզմը՝ տարեկան գնից անցում է կատարվել եռամսյակայինի։
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերջնականապես հաստատեց ոչ միայն Հայաստան մատակարարվող ռուսական գազի թանկացման փաստը, այլև այն, որ 2012թ. ռուսական գազի գինը սահմանվել է ոչ թե տարեկան, այլ եռամսյակային կտրվածքով։
Անցած տարի Հայաստան ներկրված ռուսական 1000 խմ գազի գինը կազմել է $232, այն դեպքում երբ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ողջ տարվա ընթացքում պնդում էր, թե ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում է $180/1000 խմ։
ՊԵԿ-ի «ՀՀ արտաքին առևտուրն երկիր-ապրանք կտրվածքով (2011-2012թթ.)» հրապարակման համաձայն՝ անցած տարի Ռուսաստանից Հայաստան մատակարարված 1,91 մլրդ խմ գազի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է $444 մլն։ Ստացվում է, որ 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը $232,4 է։
Գազի հարկումը կատարվում է ոչ թե սահմանին, այլ ներքին շուկայում, և ՊԵԿ-ին գազի ներկրված ծավալների և արժեքի տվյալները տրամադրում է էներգետիկայի նախարարությունը՝ օգտվելով «ՀայՌուսգազարդի» տվյալներից։
ՊԵԿ-ի տվյալներում ուշագրավը սակայն այն չէ, որ տեղի է ունեցել Հայաստան առաքվող գազի գնի բարձրացում (թանկացման փաստը պարզ էր դեռևս 2012թ. առաջին կիսամյակում), այլ այն, որ Հայաստանի համար այս տարվա երկրորդ կեսից կիրառվում է գնի հաշվարկի ոչ թե տարեկան, այլ եռամսյակային սխեմա։ Պարզ ասած, եթե նախորդ տարիներին Հայաստանի համար ռուսական գինը սահմանվում էր մեկ տարվա համար, ապա 2012-ի երրորդ և չորորդ եռամսյակների համար սահմանվել է առանձին գին։ Տարեկանի դեպքում գազի գնի հաշվարկման հիմքում դրվում էր նախորդող ինն ամիսների կտրվածքով եվրոպական երկրներ առաքվող գազի միջին գինը, ու նավթամթերքի գները։
Հենվելով ՊԵԿ-ի վիճակագրության վրա՝ եթե առաջին կիսամյակում Հայաստան ներկրված գազի մաքսային արժեքը կազմել է $220/1000, ապա երրորդ եռամսյակում Հայաստան առաքված ռուսական 1000 խմ գազի գինը եղել $244, չորրորդ եռամսյակում կապույտ վառելիքը թանկացել է ևս $10-ով՝ մինչև $254/1000 խմ։
Թեև վիճակագրական բոլոր տվյալները խոսում են գազի գնի փոփոխության մասին, Հայաստանի իշխանությունները շարունակում են գաղտնի պահել թանկացման փաստը։ «Գաղտնիությունը» պայմանավորված է նրանով, որ կառավարությունը անցյալ ամառվանից, հաշվի առնելով նախագահական ընտրությունների հանգամանքը, ներքին սպառողների համար սուբսիդավորում է գազի գինը։
Գործադիրը ձեռքբերման գնի և սակագնի միջև գոյացող տարբերությունը վճարելու է սեփական միջոցներով, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասը (մոտ 15%) «Գազպրոմին» վաճառելու ճանապարհով։
ՍիվիլՆեթ-ի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանին փոխանցել նաև հայկական էներգետիկ հերթական ակտիվը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունների օրակարգում քննարկվել է Որոտանի հէկերի համալիրի վաճառքի հարցը։ Էներգետիկ համալիրի վաճառքով իշխանությունները ցանկանում են մեղմել 2013թ. ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գնի բարձրացումը։
Գնագոյացման տարեկան սխեմայից անցումը եռամսյակայինի, որոշակի ռիսկեր է պարունակում՝ երկիրը հավելյալ կախվածության մեջ է ընկնում համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներից։ ԱՊՀ երկրներից Հայաստանը միակն էր, որի համար գազի գինը սահմանվում էր տարեկան կտրվածքով։ Մոլդովան, Ուկրաինան արդեն իսկ անցել են փոխհաշվարկների եռամսյակային սխեմայի։
Հաշվի առնելով այն, որ չորրորդ եռամսյակում Հայաստան առաքվող գազի գինը կազմել է $254/1000 խմ, չի բացառվում, որ 2013-ի առաջին եռամսյակում ևս գազի գնի բարձրացում է տեղի ունեցել։ Այս պայմաններում վերջնական սպառողների համար սակագների փոփոխությունը անխուսափելի է, ամենայն հավանականությամբ՝ նախագահական ընտրություններից հետո։
Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ այս տարի գազի միջին գինը կմնա 2012թ. չորրորդ եռամսյակի մակարդակում, ապա միայն գազի գործոնով պայմանավորված՝ բնակչության համար 1 խմ գինը ներկայիս Դ132-ից կբարձրանա մինչև Դ162, իսկ խոշոր սպառողները 1000 խմ համար ներկայիս $243,13-ի փոխարեն պետք է վճարեն $313,13։
Civilnet











