Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետը ԵՄ վիզաների ազատականացման հնարավոր դադարեցումը մեծ խնդիր չի համարում 

Վրաստանի վարչապետը ԵՄ վիզաների ազատականացման հնարավոր դադարեցումը մեծ խնդիր չի համարում 

Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրոպական միությանը՝ Վրաստանի համար վիզաների ազատականացման հնարավոր դադարեցման մասին նախազգուշացման համար՝ այն որակելով որպես շանտաժ Թբիլիսիի նկատմամբ։

Եվրամիության քննադատությունը բորբոքվել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին ուղղված նամակից։ Նամակը, որը հրապարակել է Վրաստանի Հանրային հեռուստառադիոն, հղում է անում 2024-ի դեկտեմբերին հանձնաժողովի առաջարկություններին՝ կապված վիզաների դադարեցման մեխանիզմի յոթերորդ զեկույցի հետ։ Այդ զեկույցում Վրաստանում արձանագրվել էին մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների «լուրջ խախտումներ»։

Նամակում Վրաստանին կոչ էր արվում օգոստոսի վերջից ոչ ուշ ներկայացնել առաջարկությունների իրականացման վերաբերյալ թարմացված տվյալներ և, եթե անհրաժեշտ է, ձեռնարկել համապատասխան քայլեր՝ բոլոր առաջարկությունների հարցերով։ Նշվում էր, որ շարունակվող չհամապատասխանության պարագայում հանձնաժողովը կարող է գործարկել վիզաների ազատականացման դադարեցման մեխանիզմը։

Նույն նամակում ընդգծվում էր, որ Վրաստանի անգործության հետևանքով արդեն 2025-ի հունվարից դադարեցվել է դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների անայցագիր կարգավիճակը։ Վերջում Եվրամիությունը վերահաստատում էր Վրաստանի հետ հիմնարար արժեքների վրա հիմնված հարաբերություններին նվիրվածությունը։

Նամակի հավելվածում նշված էր ութ առաջարկություն՝ սկսած Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից մինչև օտարերկրյա ազդեցության մասին՝ քաղաքացիական հասարակության և անկախ մեդիայի դեմ ուղղված օրենքների չեղարկում, ինչպես նաև ԼԳԲՏ+ համայնքի դեմ ուղղված օրենսդրության վերանայում։ Առաջարկվում էր նաև համաձայնեցնել վիզային քաղաքականությունը ԵՄ-ի պահանջներին, պայքարել ապօրինի միգրացիայի դեմ, ստեղծել գույքի վերականգնման և կառավարման կառույցներ և ընդունել հակակոռուպցիոն նոր ռազմավարություն։

Պարզ չէ, թե արդյոք սա այն նամակն էր, որի ուղարկման մասին խոսել էր ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, բայց նրա հայտարարությունները համընկնում էին փաստացի բովանդակության հետ։ Կալլասը նշել էր, որ չի ցանկանում պատժել վրացի ժողովրդին, սակայն ԵՄ վստահելիությունը կասկածի տակ է, երբ վիզաների ազատականացման պայմանները չեն պահպանվում։ Նա հավելել էր, որ յոթ ընդդիմադիր առաջնորդներից ութը ձերբակալվել են, ինչը խախտում է հիմնարար իրավունքների պաշտպանման սկզբունքը։

Ի պատասխան՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն մեղադրել է ԵՄ-ին երկրի ներքին գործերին միջամտելու և շանտաժի համար՝ հատկապես օրենքները չեղարկելու պահանջի մասով։ Կուսակցության ղեկավարները շեշտը դնում են խաղաղության և ընտանեկան արժեքների վրա՝ որպես պաշտպանություն արտաքին ճնշումներից։

Վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ «եթե ընտրությունը խաղաղության ու կայունության կամ վիզաների ազատականացման միջև է, ապա մենք, իհարկե, կընտրենք խաղաղությունն ու կայունությունը»։ Նա ընդգծել է, որ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը քննադատները կոչում են «ռուսական օրենք», ապահովում է երկրի խաղաղությունը։ Ըստ Կոբախիձեի՝ «Եվրոպա ճամփորդել վիզայով կամ առանց դրա՝ գոյաբանական խնդիր չէ»։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է ԵՄ-ի այն պահանջը, որով առաջարկվում է չեղարկել «ընտանեկան արժեքների և երեխաների պաշտպանության մասին» օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, նույնասեռ ամուսնությունները և սեռափոխման բժշկական միջամտությունը։ Նա ԵՄ-ի վարքագիծը համեմատել է միջնադարյան տգիտության հետ։

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն նույնպես հայտարարել է, որ սա շանտաժ է, որի նպատակը «հայրենասեր կառավարության» տապալումն է և «օտար գործակալներին» իշխանության բերելը։

Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացել է 2023-ին, սակայն դրանից հետո Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները վատթարացել են՝ իշխանությունների հակադեմոկրատական քաղաքականության պատճառով։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառել՝ ի պատասխան այդ քայլերի։

ԵՄ-ն դիտարկում է նաև Վրաստանի քաղաքացիների համար ազատ վիզայի ռեժիմի դադարեցման հնարավորությունը, որն ուժի մեջ է մտել 2017-ին։ Թեև դեռ վերջնական որոշում չի կայացվել, ԵՄ-ն արդեն չեղարկել է դիվանագետների վիզային արտոնությունները՝ խորհրդանշական քայլով, քանի որ նրանք կարող են օգտագործել սովորական անձնագրերը։
Ի տարբերություն պատժամիջոցների՝ վիզաներիազատականացման դադարեցման համար բավարար է ԵՄ անդամ պետությունների 55 տոկոսի համաձայնությունը, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության առնվազն 65 տոկոսը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում