Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
Վրաստանի կրթության նորանշանակ նախարար Գիվի Միկանաձեն հաստատել է, որ չի ավարտել դոկտորական ծրագիրը Ամստերդամի Ազատ համալսարանում, հակառակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նրա նշանակման ժամանակ հնչեցրած հակառակ հայտարարության։
Միկանաձեն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով OC Media-ի հրապարակած հոդվածին, որը բացահայտել էր, որ նա դոկտորական չի պաշտպանել։
«Իրակլի Կոբախիձեն որևէ սուտ բան չի ասել։ Նա ասել է, որ ես եղել եմ դոկտորանտ Ամստերդամի Ազատ համալսարանում»,- հայտարարել է Միկանաձեն։
Սակայն Միկանաձեի հայտարարությունը հակասում է վարչապետ Կոբախիձեի՝ հունիսի 30-ի ճեպազրույցում արած խոսքին, որտեղ վերջինս ասել էր, թե Միկանաձեն «պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Ամստերդամի Ազատ համալսարանում»։
Ինքը՝ նախարարը, պնդում է, թե իր որևէ կենսագրականում դոկտորական աստիճան նշված չէ. «Գրված է՝ «դոկտորանտ», իսկ «դոկտորանտ» նշանակում է, ասենք, արդեն պաշտպանած»՝ հավելելով, որ սա «մաքսիմալ տեխնիկական հարց է»։
Լրագրողների հարցերն ակնհայտորեն զայրացրել են նախարարին։ Նա լրագրողներին անվանել է «ծիծաղելի» և «վատ վիճակում գտնվող»։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք ծրագրում է ավարտել դոկտորականը, կտրուկ պատասխանել է. «Կարծում եք՝ դրա համար ժամանակ ունե՞մ»։
Կրթության նախարարության կայքում տեղադրված կենսագրության մեջ դոկտորական աստիճանի մասին հիշատակում չկա։ Նշվում է, որ 2013-ին նա եղել է Ամստերդամի Ազատ համալսարանի և Նիդեռլանդների հանցագործության և իրավապահ մարմինների ուսումնասիրման ինստիտուտի համատեղ ծրագրի հետազոտող։ 2025-ից նա ներկայացվում է որպես Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի դոկտորանտ։
Նիդեռլանդական ինստիտուտի ներկայացուցիչը OC Media-ին հաստատել է, որ Միկանաձեն նախկինում եղել է ոչ մշտական ներկայությամբ դոկտորանտ, սակայն ծրագիրը չի ավարտել։ Նա ներկայացրել է ընդամենը մի քանի գլուխ իր ատենախոսությունից, որը վերաբերում էր ցմահ ազատազրկման պատժի վերահսկողության մեխանիզմներին Վրաստանում։
Նրա LinkedIn-ի էջում՝ առանց հստակ աղբյուրի, նշվում է, որ նա դոկտորականի վրա է աշխատել 2013-2017-ին։ Այդ տարիներին նա աշխատել է Եվրոպայի խորհրդում, ապա զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի ՆԳՆ-ում և «Վրացական երազանք» կուսակցությունում։
Միկանաձեի նշանակումը որոշակի հակասություններ է առաջացրել, մասնավորապես նրա անցյալի պատճառով՝ երբ նա զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը Միացյալ ազգային շարժման (ՄԱՇ) օրոք՝ այն կուսակցության, որը ներկայում «Վրացական երազանքն» անվանում է «հանցավոր ռեժիմ»։ ՄԱՇ-ին քննադատում են բանտային համակարգում խախտումների և դատապարտյալների նկատմամբ բռնությունների համար, որոնց շուրջ սկանդալը համարվում է նրանց՝ իշխանությունից հեռացման հիմնական պատճառներից մեկը։
Civilnet











