Գլխավոր Լրահոս

Դրուզները, Իսրայելն ու լարվածության նոր օջախը Սիրիայում. ինչ է պետք իմանալ

Դրուզները, Իսրայելն ու լարվածության նոր օջախը Սիրիայում. ինչ է պետք իմանալ

Սիրիայի նոր իշխանությունները շարունակում են պայքարել ներքին անկայունության դեմ։ Նախորդ տարվա վերջին Ասադների ընտանիքի շուրջ 50-ամյա իշխանության անկումից հետո Սիրիայում մի շարք զինված բախումներ են տեղի ունեցել, որոնք մարտահրավեր են Դամասկոսի համար։

Առաջին խոշոր բախումները գրանցվեցին մարտին երկրի արևմուտքում՝ Լաթաքիայի ու Տարտուսի միջերկրածովյան շրջաններում, տեղի շիական ալավիների և կառավարական ուժերի միջև, իսկ կառավարական ուժերի մասնակցությամբ պայմանականորեն երկրորդ և վերջին զինված միջադեպերը կապված են երկրի հարավային շրջաններում՝ Իսրայելի և հատկապես Հորդանանի հետ սահմանամերձ վայրերում բնակվող դրուզների հետ։

Հուլիսի 13-ին Սիրիայի հարավային Սուվեյդա շրջանում լուրջ բախումներ տեղի ունեցան բեդվինական ցեղախմբերի (աշիրեթների) և դրուզների միջև։ Դեպքերից 1-2 օր հետո բախումներին միջամտեցին սիրիական կառավարական ուժերը, որոնք Դամասկոսից մտան քաղաք՝ փորձելով տեղում վերահսկել իրավիճակը, սակայն շուտով ներքաշվեցին դրուզների հետ պայքարի մեջ։

Դրուզները, որոնք արաբախոս էնթնոկրոնական փոքրամասնություն են Սիրիայում, հիմնականում բնակվում են այդ երկրի հարավային շրջաններում (այդ թվում՝ Իսրայելի գրաված Գոլանի բարձունքներում), ինչպես նաև հարևան Լիբանանում, Իսրայելում, Հորդանանում։ Նրանց ընդհանուր թիվը շուրջ 1,5 միլիոն է, որոնցից մոտ 700,000-ը բնակվում է Սիրիայում։

Սիրիայի դրուզները՝ այդ երկրում բնակվող որոշ փոքրամասնությունների նմանությամբ, ունեն զինված խմբեր, որոնք հիմնականում ձևավորվել են 2011-ին «Արաբական գարնան» ընթացքում ներքին անկայունության ու ներքաղաքաքական պատերազմի հետևանքով։

Հետևաբար, դրուզների հարաբերությունները Սիրիայի իշխանությունների հետ դժվար է հարթ համարել, առավել ևս հիմա, երբ դրուզների մի հատված անվստահություն ունի Սիրիայի անցումային նոր իշխանությունների նկատմամբ։ Դրուզների շրջանում գոյություն ունեն նաև անջատողական ձգտումներ, որոնք արտահայտվում են ընդհուպ ինքնավարության տեսքով, սակայն նրանզ մի մասը սկզբունքորեն կողմ է կենտրոնական իշխանությունների հետ համագործակցությանը։ Բոլոր դեպքերում, դրուզների շրջանում մեծ հեղինակություն են վայելում տարբեր շեյխեր, որոնք էլ առաջնային ազդեցություն ունեն էթնոկրոնական այդ հանրույթի վրա։ 

Սիրիայի կենտրոնական իշխանությունների համար երկրի փոքրամասնությունների դեմ պայքարելը, այդ թվում՝ դրուզների, հեշտ չէ, քանի որ խնդիրը կարող է դուրս գալ երկրի սահմաններից անդին։ 

Դրուզների պարագայում, օրինակ, խնդիրը շաղկապված է Իսրայելի հետ․ վերջինը դրուզների պաշտպանությամբ է հանդես գալիս, ինչը վառ երևաց օրերս տեղի ունեցած բախումների ժամանակ։ 

Դրուզների պաշտպանության պատրվակով Իսրայելը ոչ միայն օդային հարվածներ հասցրեց Սուվեյդա մտած սիրիական կառավարական ուժերի դեմ, այլև հուլիսի 16-ին հարվածեց Դամասկոսում տեղակայված Սիրիայի Զինված ուժերի շտաբի շենքին։ 

Իսրայելի հարվածները ստիպեցին Դամասկոսին գնալ չհայտարարված փոխզիջման, որի հետևանքով կառավարական ուժերը հուլիսի 17-ին դուրս եկան հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդայից, և Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությամբ տեղում հրադադար հաստատվեց։

Սակայն դատելով սիրիական պաշտոնական հայտարարություններից՝ կառավարական ուժերի դուրս գալը տեղում կայունություն չապահովեց, քանի որ շուտով սիրիական կողմը դրուզներին մեղադրեց հրադադարը խախտելու մեջ, իսկ վերջիններիս զինված խմբերին «անօրինական» անվանեց։

Այսպիսով, Սիրիայում առաջացած ռազմական այս լարվածությունը դուրս է գալիս Սիրիայի բուն սահմաններից՝ առնչվելով տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող այլ երկրների՝ առաջին հերթին Իսրայելի հետ։

Վերջինիս նպատակը թերևս հետևյալն է. օգտվելով այդ երկրի փխրուն անվտանգային միջավայրից՝ թույլ չտալ Սիրիայի կայունացում, մանավանդ, որ այդ երկրում ուժեղ են Իսրայելի մեկ այլ աշխարհաքաղաքական հակառակորդ Թուրքիայի դիրքերը։

Իսրայելը հույս ունի նաև խոչընդոտել Սիրիայի հետ կապված ցանկացած զարգացման հեռանկար, որը կարող է ամրապնդել այդ երկիրը։ Այս համատեքստում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման Վաշինգտոնի որոշումը ևս մեկ մարտահրավեր է Իսրայելի շահերի համար։

Թուրքիայի դիրքորոշումը

Դամասկոսին հարվածելու Իսրայելի վերջին գործողությունների ամենախիստ քննադատներից մեկը Թուրքիան է։ Առաջին իսկ րոպեներից Անկարան իր աջակցությունը հայտնեց Սիրիայի կառավարությանը՝ սատարելով տարածքային ամբողջականությունը, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ արեց միջազգային հանրությանը «կանգնեցնել» Իսրայելին։

Իսրայելի քայլերը դատապարտող արձագանք է ստացվել նաև Թուրքիայի խորհրդարանից, ինչպես նաև Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունից։ Այդ երկրի ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Զեքի Աքթյուրքը «բացահայտ սադրանք է» որակել Իսրայելի հարվածները Սիրիայի պաշտպանական գերատեսչության շենքին, ինչպես նաև ընդգծել, որ եթե Սիրիան օգնություն խնդրի, ապա Անկարան չի վարանի ռազմակական ուժով սատարելու սիրիական իշխանություններին։ Առանձին հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև։

Միացյալ Նահանգների դիրքորոշումը

Վաշինգտոնը պաշտոնապես իր դժգոհությունն է հայտնել Սիրիան թիրախավորելու իսրայելական քայլերի առնչությամբ։ 

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները հնարավորին ամեն ինչ արել են հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

Իրանի դիրքորոշումը

Սիրիայի դեմ Իսրայելի հարձակման խիստ դատապարտումով է հանդես եկել նաև Իրանը՝ փորձելով միջազգային հանրությանը ցույց տալ Իսրայելի գործողությունների վտանգավորությունը ամբողջ տարածաշրջանի համար։ Չնայած Թեհրանի հարաբերությունները Սիրիայի նոր իշխանությունների հետ ոչ միանշանակ են, այնուամենայնիվ, իրանական կողմը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ նշելով, որ Թեհրանը մշտապես կանգնած է սիրիացի ժողովրդի կողքին։

Ադրբեջանի դիրքորոշումը

Ընթացիկ զարգացումների հարցում բավական ուշագրավ է ադրբեջանական արձագանքը, որի արտգործնախարարությունը նշել է, որ ուշադիր հետևում է գործընթացներին՝ իր հերթին աջակցելով Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կարևորելով այդ երկրի կայունությունը։ 

Ադրբեջանական արձագանքը կարևոր է նրանով, որ Բաքուն բավական սերտ կապեր ունի թե՛ Իսրայելի, թե՛ Սիրիայի հետ և ինչ-որ իմաստով միջնորդ է նրանց միջև։

Եթե Իսրայելի հետ ունեցած Բաքվի սերտ կապերից շատ է խոսվում, ապա Սիրիայի նոր իշխանությունների հետ ևս ադրբեջանական կողմը հասնում է ռազմավարական գործընկերության։ Օրերս Բաքու մեկնած Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ էլ-Շարաայի այցի ընթացքում Բաքվի և Դամասկոսի միջև ռազմավարական հուշագիր ստորագրվեց էներգետիկ ոլորտում։ Ըստ այդ համաձայնության՝ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ «Սոկարը», գազ է արտահանելու այդ երկիր։

Բացի այդ, Ադրեբջանը դիտարկվում է որպես միջնորդ երկրներից մեկը ոչ միայն Թուրքիա-Իսրայել բարդ կապերում, այլև Իսրայել-Սիրիա հարաբերություններում և ըստ իսրայելական մի շարք աղբյուրների՝ Բաքվում անգամ հանդիպել են սիրիական և իսրայելական պետական ներկայացուցիչները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում