Գլխավոր Լրահոս

Հայաստանցիների 61 տոկոսը որևէ քաղաքական գործչի չի վստահում. IRI-ի հարցում

Հայաստանցիների 61 տոկոսը որևէ քաղաքական գործչի չի վստահում. IRI-ի հարցում

Հայաստանում հարցվածների 61 տոկոսը որևէ քաղաքական գործչի չի վստահում. այս մասին նշվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտությունում։ Ուշագրավ է, որ թեև Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենավստահված քաղաքական գործիչը, նրա և նրա ղեկավարած Քաղաքացիական պայմանագրի վարկանիշն ընկել է նախորդ հարցումների համեմատ։

Հանրային կարծիքի հետազոտությունն իրականացրել է «Բրևիս» ընկերությունը։ Տվյալները հավաքվել են 2025-ի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։

«Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում: Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին» հարցին Նիկոլ Փաշինյանին որպես առաջին պատասխան նշել է հարցվածների 12 տոկոսը և որպես երկրորդ պատասխան՝ 13 տոկոսը։ Թեև Փաշինյանը շարունակում է ամենաբարձր վարկանիշը ունենալ քաղաքական գործիչների շրջանում, սակայն նրա վստահության տոկոսը իջել է. IRI-ի 2024-ի սեպտեմբերին իրականացված հարցմամբ՝ նրան մարդկանց 15 տոկոսն էր համարում ամենից վստահելի և 16 տոկոսը՝ երկրորդ ամենավստահելի։

Երկրորդ տեղում  արտգործնախարար Արարատ Միրզոյանն է՝ ընդհանուր 5 տոկոս վարկանիշով (1-ին և 2-րդ հարցերի պատասխաններ)։

Փաշինյանի քաղաքական ախոյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցուցակի երրորդ հորիզոնականում է՝ 4 տոկոս վստահության ցուցանիշով։ Թեև Քոչարյանը  վարկանիշով մի քանի անգամ զիջում է Փաշինյանին՝ IRI-ի նախորդ հետազոտության համեմատ նրա վարկանիշը կրկնապատկվել է։

Ուշագրավ է, որ 2024-ի սեպտեմբերի և 2025-ի հունիսի հետազոտություններում անփոփոխ է մնացել այն մարդկանց թիվը, որոնք որևէ քաղաքական գործչի չեն վստահում՝ 61 տոկոս։

«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի» հարցին «Քաղաքացիական պայմանագիր/Նիկոլ Փաշինյան» պատասխանը տվել է հարցվածների 17 տոկոսը, ինչը 3 կետով ցածր է IRI-ի 2024-ի սեպտեմբերի և 2023-ի դեկտեմբերի հետազոտությունների ցուցանիշներից։ 

Հայաստանցիների 36 տոկոսն է համարում, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մինչդեռ 2024-ի սեպտեմբերին այդ թիվը 46 տոկոս էր, իսկ 2023-ի դեկտեմբերին՝ 50 տոկոս։

Հատկանշական է, որ առավել երիտասարդները ավելի հոռետես են երկրի ուղղության ընթացքի վերաբերյալ, քան մեծահասակները։ 18-35 և 36-55 տարիքային խմբի մարդիկ համարում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում՝ համապատասխանաբար 54 և 52 տոկոս, մինչդեռ 56+ տարիքային խմբում ընդամենը 41 տոկոսն է համարում, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ Կանայք ևս ավելի հոռետես են երկրի ընթացքի վերաբերյալ, քան տղամարդիկ։ Կանանց 51 և տղամարդկանց 47 տոկոսը համարում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում։

Հայաստանցիների ամենամեծ՝ 44 տոկոսը, երկրի գլխավոր խնդիրը համարում է ազգային անվտանգության և սահմանային խնդիրները։ 2-րդ տեղում տնտեսությունն ու գործազրկությունն է՝ 14 տոկոս, իսկ 3-րդում՝ քաղաքական անկայունությունը՝ 12 տոկոս։

Ուշագրավ է, որ հարցվածների ամենամեծ՝ 21 տոկոսը, «տնտեսությունն ու գործազրկությունը» համարում է իրենց տնային տնտեսությունների ամենամեծ խնդիրը, մինչդեռ «ազգային անվտանգություն և սահմանային խնդիրները» ամենամեծ խնդիր համարում է հարցվածների 9 տոկոսը։ Մարդիկ իրենց տնային տնտեսությունների համար առավել առաջնահերթ համարում են սոցիալ-տնտեսական խնդիրները, քան «ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրները»։ Տնտեսությունից ու գործազրկությունից բացի հարցվածները իրենց խնդիրների շարքում նշել են ցածր աշխատավարձը, բարձր գները, առողջապահական խնդիրները և բնակարանային մատչելիությունը։ «Ազգային անվտանգություն և սահմանային խնդիրները» հաջորդում են այս խնդիրներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում