Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի կարող հրաժարվել ուրանի հարստացման իր ծրագրից, որը լրջորեն խաթարվել է անցյալ ամիս ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների պատճառով։
«Այժմ այն դադարեցված է, քանի որ, այո, վնասները լուրջ են և ծանր, բայց ակնհայտ է, որ մենք չենք կարող հրաժարվել ուրանի հարստացումից, քանի որ դա մեր սեփական գիտնականների նվաճումն է, և այժմ, ավելին, դա ազգային հպարտության հարց է», - ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին։
Նա նշել է, որ Իրանը «բաց է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար»՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ բանակցությունները «առայժմ» ուղղակի չեն լինի։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ՝ պայմանով, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի փոխադարձ շահավետ լուծման։
«Մենք պատրաստ ենք իրականացնել վստահություն կառուցող ցանկացած միջոց, որպեսզի ապացուցենք, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և կմնա խաղաղ ընդմիշտ, և որ Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ունենալուն։ Փոխարենը մենք ակնկալում ենք, որ նրանք կհանեն իրենց սահմանած պատժամիջոցները»,- հավելել է նա։
ԱՄՆ-ն հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը հարվածել էր Իրանի միջուկային երեք օբյեկտների՝ Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում։
Իրանի և Իսրայելի միջև պատերազմը սկսվել էր հունիսի 13-ին՝ Իսրայելի նախահարձակ ավիահարվածներով:
Civilnet











