Ռուսաստանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՝ աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման վրա՝ ուղիղ երկխոսության միջոցով: Այս մասին հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը շահագրգռված է կայուն, անվտանգ, խաղաղ, բարգավաճ Հարավային Կովկասով։ Եվ դրան հասնելու անհրաժեշտ պայմաններից մեկը, իհարկե, Բաքվի և Երևանի երկար սպասված հաշտեցումն է», - ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական օգնությամբ 2020-ին մեկնարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարևոր փուլը»։
«Որոշակի պահի Հայաստանը և Ադրբեջանը նախընտրեցին ուղիղ երկկողմ երկխոսությունը, մենք հարգում ենք այս ընտրությունը։ Ի վերջո, մենք խոսում ենք այն մասին, որ նրանք ստիպված կլինեն բանակցել և ապրել միմյանց հետ, իրենց հարևանների հետ։ Հետևաբար, եթե նրանք գտան ուղիղ երկխոսության հնարավորություն, այո, սա նրանց ընտրությունն է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «պատրաստ է գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»։
Միաժամանակ, Զախարովան ասել է, թե Արևմուտքը ձգտում է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային ձևաչափից»։
«Արևմտյանները ձգտում են Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը դնել իրենց սեփական ուղիների վրա։ Մենք նաև գիտենք, թե որտեղ են սովորաբար տանում այդ ուղիները։ Ըստ երևույթին, դա արվել է կրկին քաղաքական միավորներ վաստակելու, սեփական ջանքերի հաջորդ հաջողությունները հայտարարելու համար»,- հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ «դա կարող է հանգեցնել տարածաշրջանի անվտանգության համակարգի անհավասարակշռության, խաթարելով տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքը, երբ Հարավային Կովկասի պետությունները և նրանց անմիջականորեն սահմանակից երկրները զբաղված են արդիական խնդիրների լուծմամբ»։
Նա նշել է, որ Մոսկվան «տեսնում է Վաշինգտոնի փորձերը միջամտելու տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման գործընթացին»։
«Իրականում նրանք չեն կարող առաջարկել որևէ նոր բան, բացի այն, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», - ասել է Զախարովան։
Civilnet











